31
Այսօր 00:00
Հրազդան գետի վրա գտնվող Երևանի Կարմիր կամուրջը հայտնի է նաև «Խոճա Փ(ի)լավի կամուրջ» անունով։ Կառուցվել է Երևանում մեծ ավերածություններ գործած Գառնիի 1679 թ․ երկրաշարժից անմիջապես հետո՝ քանաքեռցի մեծահարուստ վաճառական Խոճա (Խոջա) Փ(ի)լավի ծախսով՝ ավերված միջնադարյան կամրջի տեղում։
Կամուրջը կարմիր է կոչվել կարմրավուն քարերով և կարմրավուն թրծած աղյուսով կառուցված լինելու պատճառով։
Կամուրջն ունի 87․5 մ երկարություն, 11 մ բարձրություն և 6․5 մ լայնք, երեք խելերի վրա բարձրացող երկու սլաքաձև և երկու կիսաշրջանաձև վերջավորություններով չորս կամարային բացվածքներ (թռիչքներ)։ Կենտրոնական մեծ կամարների միջով հոսել են Հրազդան գետի ջրերը, ձախափնյա կամարով անցել է արտադրական նպատակների համար գետից հանված ջրանցքը, իսկ աջափնյա կամարով՝ մոտակա այգիների ոռոգման համար կառուցված ջրանցքը։ Ձախափնյա հատվածում կա նաև կամրջի մեջ կառուցված թաղածածկ մեծ սրահ, որը թերևս ծառայել է որպես մաքսատուն։
Կամուրջը լրջորեն վնասվել է ռուս-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1827 թ․ հոկտեմբերին ռուսական բանակի կողմից Երևանի բերդի գրավման ժամանակ։ Հիմնանորոգվել է 1830 թ․, նորոգման աշխատանքներ են իրականացվել նաև 1850 թ․, 1962 թ․ և 1970 թ․։
1980-ական թթ․ վերջերին կամուրջը փլուզվել է։ Վերականգնվել է 2023-2026 թթ․։