Գոշավանք. hուշարձանի վավերագրված պատմությունը

Այսօր 00:00

  • 12

Գոշավանք. hուշարձանի վավերագրված պատմությունը

«Գոշավանք. հուշարձանի վավերագրված պատմությունը» խորագրով պատկերա գիրք-ուսումնասիրությունում առաջին անգամ ներկայացվում է հուշարձանը՝ մինչ օրս կատարված ուսումնասիրությունների ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվող XX դ. վավերագրական նյութերի՝ լուսանկարների, ապակու և ժապավենի հիմքով սևանկարների, չափագրությունների և նախագիծ-նախահաշիվների համադրությամբ:

Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հավաքածուից «Գոշավանք. հուշարձանի վավերագրված պատմությունը» պատկերագիրք-ուսումնասիրությունում ներառվել են 190 առավել խոսուն վավերագրերը։

Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական, ուսումնակրթական գրչության նշանավոր կենտրոններից մեկը: 1188 թ. կառուցվում է վանական համալիրի առաջին շինությունը. Սբ Գրիգոր Լուսավորիչ փայտակերտ եկեղեցին։ Տեղի է ունենում օծման արարողությունը, որին ներկա է գտնվում Հաղարծնի վանքի առաջնորդ Խաչատուր Տարոնացի վարդապետը։ Իսկ ահա 1191 թ. սկսվում է գլխավոր՝ Սբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը, որին օժանդակում են Հաթերքի Վախթանգ իշխանը, նրա եղբայրները և Քուրդ իշխանի որդիներն ու դուստրը։ Եկեղեցու կառուցումն ավարտին է հասնում 1196 թ.։

Ինչպես Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, այնպես էլ Սբ Աստվածածնի օծման արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան հոգևորականներ, և, ինչպես ընդունված էր, օծման արարողության ժամանակ տարատեսակ ընծաներ էին նվիրաբերվում եկեղեցուն։ Օրինակ՝ Քուրդ իշխանի դուստր և Վախթանգի կին Արզու խաթունը եկեղեցուն է նվիրում իր դստրերի հետ միասին գործած մի վարագույր, որը հիացնում էր տեսնողներին։ Սբ Աստվածածին եկեղեցու կառուցմանը հաջորդում է իրեն արևմտյան կողմից հաղորդակից գավթի շինարարությունը, որին մեծապես օգնում են Զաքարե և Իվանե իշխանները։ Դրանից բացի, հողատարածքներ ու գյուղեր են ընծայում եկեղեցուն:

1208 թ. Մխիթար Գոշի նախաձեռնությամբ ու վանքի միաբաններ Սերոբի և Ովասաբի միջոցներով կառուցվում են Սբ Առաքելոց ու Սբ Հռիփսիմե մատուռները։ Հետո Մխիթար Գոշն իր բնակության և ճգնելու համար վանքից քիչ հեռու տուն է կառուցում, կողքին՝ Սբ Հոգու անունով փայտակերտ մատուռը։ Իսկ ծերության տարիներին որպես գերեզման իր համար կառուցում է Սբ Համբարձման անունով մատուռը։ Այս վերջին կառույցը 2010 ական թթ. ամբողջական վերականգնման շնորհիվ կանգուն է, և ավանդաբար համարվում է Մխիթար Գոշի դամբարանը։



Խոր ծերության հասնելով՝ վարդապետն իր շուրջն է հավաքում վանքի միաբանության անդամներին և նրանց առաջնորդ կարգում իր աշակերտներից Մարտիրոսին։ Վարդապետը նաև կտակ է գրում՝ ուղղված Իվանե Զաքարյանին և վանքն ու միաբանությունը հանձնում է նրա հովանավորությանը։

Մխիթար Գոշի մահից հետո վանքի առաջնորդ Մարտիրոս վարդապետը շարունակում է իր ուսուցչի ճանապարհը։ Նա անտաշ քարերով, հաստահեղույս որմերով մի ժամատուն է կառուցում, որը հավանաբար օգտագործվել է որպես սեղանատուն։ Այն փայտակերտ տանիքածածկույթով է եղել, որը հետո փլվել է։ Որոշ ժամանակ անց Մարտիրոս վարդա պետը ճարտարապետ Մխիթար Հյուսնի օգնությամբ ձեռնարկում է գրատան, կամ ինչպես Վիեննայի Մխիթարյան միաբանության նշանավոր դեմքեր Ղուկաս Ինճիճյանն ու Համազասպ Ոսկյանն են հիշատակում, վերնատան կառուցումը։

1231 թ. Մարտիրոս վարդապետը եղբոր՝ Գրիգորի հետ սկսում է վանքի հաջորդ կառույցի՝ Սբ Գրիգոր գմբեթավոր եկեղեցու շինարարությունը։ Սակայն միջինասիական Խորեզմշահերի պետության վերջին ներկայացուցիչ Ջալալ ադ-Դինի՝ դեպի Հարավային Կովկաս արշավանքի և այլ պատճառներով կառուցումը կիսատ է մնում։ Շինարարությունն ավարտվում է 1241 թ. իշխան Գրիգոր Կապալեցու ջանքերով, որն ի սկզբանե հոգում էր եկեղեցու կառուցման ծախսերը։ Հայտնի է նաև, որ Սբ Գրիգոր գմբեթավոր եկեղեցու կառուցմանն օժանդակել են Հաղարծնի վանքի հովանավոր, Զաքարյաններին ենթակա իշխաններից պատրոն Արտավազը և նրա կինը։

1236 թ. մոնղոլական զորաջոկատի՝ հյուսիսարևելյան Հայաստան ներխուժման ըն թացքում Տավուշ բերդի հարավային կողմում գերի են ընկնում Մխիթար Գոշի աշակերտ Վանական վարդապետը և նրա աշակերտներից մի քանիսը, այդ թվում՝ Կիրակոս Գանձակեցին։ Վանական վարդապետը կարողանում է փրկավճարով ազատվել, իսկ Կիրակոս Գանձակեցին փախուստի է դիմում և գալիս ու հաստատվում է Նոր Գետիկ ավերված վանքում:

Իվանե Զաքարյանի խնամակալության տակ է եղել Հաթերքի իշխան Վախթանգի թոռ Գրիգոր Տղա իշխանը։ Սբ Աստվածածին եկեղեցու արձանագրություններից մեկից իմա նում ենք, որ Գրիգոր Տղա իշխանը եղել է Իվանեի որդի Ավագի հեջուբը (սենեկապետ, խնամակալ), և քանի որ Գրիգոր Տղա իշխանը զավակ չի ունեցել, Ավագից իր համար գերեզմանատեղի է խնդրել Նոր Գետիկ վանքում։ Այս իշխանի ջանքերով է 1237-1241 թթ. կառուցվել Սբ Գրիգոր Լուսավորիչ թաղակապ եկեղեցին։

Ժամանակի ընթացքում միաբանների շարքերն ընդլայնվում են, ավելանում է աշակերտների թիվը։

1255 թ. Խաչատուր վարդապետը և իր եղբայր Բարսեղը վանքի դիմաց՝ ձորի մյուս կողմում, կառուցում են Սբ Գևորգ եկեղեցին։

Սակայն աստիճանաբար Զաքարյանների դիրքերը թուլանում են, ու Կարինում հաս տատված մեծահարուստ և ազդեցիկ առևտրական պատրոն Ումեկը քառասուն հազար կարմիր դուկատով գնում է վանքն իր բոլոր գյուղերի ու կալվածքների հետ միասին։ Այդ մասին է վկայում Ումեկի կրտսեր որդի Ճարի՝ 1283 թ. վիմական արձանագրությունը6: Ու մեկի մահից հետո հենց նրան էր փոխանցվել վանքը՝ որպես ժառանգական տիրույթ։

1291 թ. Դասապետ անունով վարդապետը և իր եղբայր Կարապետը գրատան վրա որպես երկրորդ հարկ կառուցում են Գաբրիել ու Միքայել հրեշտակապետերի անունով եկեղեցին ու զանգակատունը։ Այս մասին շինարարական արձանագրություն կա, որում հիշատակված են նաև Ումեկի թոռներ Իգդիշ խաթունը, Արղութն ու Թաղադամուրը՝ որպես վանքի տերեր։ Նույն Դասապետ վարդապետն ու Իգնատիոսը հիշատակվում են նաև մեկ այլ վիմագրում՝ վանքի պարիսպը կառուցելու, Սբ Աստվածածին եկեղեցին նորոգելու, այգի հիմնելու առնչությամբ։ Այդ վիմագրում ակնարկում են, որ այգուց ստացված գինին՝ որպես «բաժակ» գինի, տրվել է Սբ Հաղորդության խորհրդի համար։ Ըստ վիմագրի՝ գինու մի մասը պիտի հատկացվեր վանքի հյուրատանը։ Հավանաբար դա վանքի այն օժանդակ շինություններից է եղել, որոնք չեն պահպանվել։

Ճարի որդի Թաղարտերի 1301 թ. նվիրատվական բնույթի արձանագրությունում վանքը հիշատակվում է որպես այս տոհմի «գանձայգին հայրենի եկեղեցի»։ Գոշավանքն Ումեկյան տոհմի հովանավորության ներքո է եղել ավելի քան մեկ դար։

Այսպիսով, շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ դարի ընթացքում կառուցված Գոշավանքն ակտիվ շինարարական, հոգևոր-մշակութային, ուսումնակրթական գործու նեություն է ծավալել։ Նոր Գետիկի վարդապետարանը XIII դ. մեծ հռչակ ունեցող գրչության կենտրոններից մեկն էր, նշանավոր ու ըղձալի դպրոց: Նոր Գետիկի վարդապետարանն իր բուն գործունեությունը շարունակել է մինչև XIII դ. վերջերը՝ ընդհատումներով հասնելով մինչև XV դ.:

2003 թվականից ցարդ Գոշավանք վանական համալիրը ներառող Գոշավանք պատմաճարտարապետական արգելոցը գործում է որպես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ։

 



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ