2
01 Հունիս 2026
«Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհը երկար դադարից հետո արդեն անցանելի է։
Հունիսի 2-ից «Ամբերդ» պատմամշակութային հնավայրը կաշխատի և սիրով կընդունի իր այցելուներին հետևյալ գրաֆիկով՝
Երեքշաբթիից կիրակի՝ 10:00 - 20:00
Երկուշաբթի՝ 10:00 - 19:00
Հիշեցնենք, որ Ամբերդում դեռևս 2024 թվականից մեկնարկել են վերականգնման աշխատանքներ։ Իրականացվել են հողահեռացման, զուգահեռ՝ ամրակայման աշխատանքներ։ Դրանք շարունակվելու են ևս 2-3 տարի՝ զուգահեռաբար ընդունելով այցելուներին։ Անվտանգությունից ելնելով՝ այս ընթացքում միայն միջնաբերդը ժամանակավորապես «կկոնսերվացվի»։ Միջնադարյան կառույցի վերականգնման համար պետությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել։
Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունը սկսվել է դեռ 7-րդ դարում։ 10-րդ դարում այն եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից մեկը, անառիկ ամրոցի համբավ է ունեցել: 1236 թվականին ամրոցը գրավել և հիմնովին ավերել են մոնղոլները, հետագայում այն կրկին վերակառուցվել է։ 14-րդ դարի վերջից երբեմնի հզոր բերդաքաղաք-ամրոցն աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը, լքվել ու ամայացել է։
Այսօր Ամբերդը Հայաստանի ամենաայցելվող հուշարձաններից է, որը տարեկան միջինը 25-30 հազար այցելու է ունենում։