Բացառիկ գտածոներով հարուստ դամբարաններ են հայտնաբերվել
Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղի բնակելի տներից մեկի բակում իրականացվող հողաշինարարական աշխատանքների ընթացքում պատահաբար բացվել են մ.թ.ա. VII–VI դարերով թվագրվող դամբարանային կառույցներ։
Հայտնաբերման վայրում առաջնային փաստագրման և ուսումնասիրման աշխատանքներ է իրականացրել Պահպանության ծառայության հնագիտական խումբը։ Կատարված հետազոտությունների արդյունքում արձանագրվել են երեք խոշոր դամբարանախցեր, որոնք ներկայացված են ձգված ուղղանկյուն հատակագծով քարարկղային կառույցներով՝ ծածկված 6–10 խոշոր սալաքարերով։
Դամբարանների ներսում հայտնաբերվել է հարուստ նյութական մշակույթ՝ ներառյալ մեծաքանակ խեցեղեն անոթներ, ինչպես նաև մետաղյա գտածոներ՝ ուլունքահատիկներ, դաշույնների և դանակների բեկորներ, նիզակի կոթառների հատվածներ՝ պատրաստված բրոնզից և երկաթից։ Հայտնաբերված նյութերի և դամբարանային ճարտարապետության առանձնահատկություններից ենթադրվում է, որ համալիրն առնչվում է ուշ երկաթեդարյան թաղման ավանդույթներին։
Միաժամանակ, հուշարձանը պահանջում է շարունակական և երկարատև հնագիտական ուսումնասիրություն՝ համակարգված պեղումներ և նյութերի համալիր վերլուծություն, ինչը նախատեսվում է իրականացնել առաջիկայում։