Բջնի ամրոցի պարիսպների մոտ նոր գաղտնուղի է հայտնաբերվել

14 Ապրիլ 2026

  • 4

Բջնի ամրոցի պարիսպների մոտ նոր գաղտնուղի է հայտնաբերվել

«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցի ստորին բերդի պարսպամերձ հատվածում առատ տեղումների պատճառով օրեր առաջ փլուզում էր եղել և հողաշերտի տակ բացվել էր քարանձավանման մի դատարկություն։ Պահպանության ծառայության տնօրենի տեղակալ Հայկ Նավասարդյանը և գիտնական-քարտուղար Ավետիս Գրիգորյանն այցելել են և տեղազննել տարածքը։

Պարզվել է, որ փլուզման հետևանքով հողի մակերևույթին բացված խոռոչը հավանաբար ինչ որ կառույցի է առնչվում, որի մասին հստակ կարելի է իմանալ միայն թափված հողի և քարերի մաքրումից հետո։ Արգելոցի աշխատակիցների հետ պարսպի այդ հատվածն արտաքուստ ուսումնասիրելուց հետո, պետության կողմից գերակա շահ ճանաչված հատվածում հայտաբերվել է պարսպի տակ՝ ժայռերի մեջ բացվող մի խոռոչ, որի մուտքը փակված էր մետաղյա դռնով։ Փականը կտրելով բացելուց հետո գաղտուղի է հայտնաբերվել, որտեղ անհայտ անձինք, ամենայն հավանականությամբ, տևական ժամանակ մաքրման աշխատանքներ են իրականացրել։

Նորահայտ գաղտնուղին ունի մոտ 20 մ բացված հատված, որից հետո այն խցանված է քարերով։ Գաղտնուղին տանում է դեպի այն ուղղությամբ, որտեղ փլուզում էր եղել և չի բացառվում, որ դրանք մեկ կառույցի մասերն են։ Մասնագետների կարծիքով՝ կա փլուզման վտանգ և միայն անվտանգության որոշակի միջոցների ապահովումից հետ հնարավոր կլինի մաքրել հողի մեջ բացված խոռոչը, պարզել վերջինիս նշանակությունն ու կապը նորահայտ գաղտնուղու հետ։ Հետագայում հնարավոր է նորահայտ գաղտնուղի տանող արահետ ստեղծել՝ Բջնի ամրոց այցելող զբոսաշրջիկների համար ապահովելով նոր երթուղի ։ Իսկ մինչ այդ՝ նորահայտ հատվածները փակ կլինեն զբոսաշրջիկների համար։

Բջնի ամրոցը միջնադարյան Հայաստանի նշանավոր և անառիկ պաշտպանական համակարգերից մեկն է եղել։ Պահլավունի իշխանները 10 դարում վերաշինել են այս հինավուրց բերդը` դարձնելով Բագրատունիների թագավորության իրենց իշխանանիստ բերդաքաղաքը։ Ամրոցի տարածքում պեղումներ են կատարվել 1970-ական և 2000-ական թվականներին, որոնց հաջորդել են մասնակի վերականգնման աշխատանքներ։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ