Որոտնաբերդի բազալտե կոպտատաշ քարերով կառուցված պարիսպները երկշերտ էին՝ կազմված առաջնապարսպից և ներքնապարսպից: Ամրոցի միջնաբերդն ունեցել է դեպի Որոտան գետը տանող գետնուղի:

Որոտնաբերդի նշանակությունն ավելի կարևոր է դարձնում այն հանգամանքը, որ հովտով էր անցնում երկրորդական նշանակություն ունեցող առևտրական մի ճանապարհ, որը սկիզբ էր առնում Նախիջևանից, մտնում Ծղուկք գավառի տարածք, և, անցնելով մի շարք բերդերի հսկողության տեսադաշտով, Բաղք, Արևիք գավառներով իջնում էր մինչև Կարճևան, ուր այն միանում էր Ջուլֆա-Փայտակարան միջազգային առևտրական ճանապարհին:

XIX դ. Որոտնաբերդն այլևս չի հիշատակվում որպես կանգուն ամրոց:

Ամրոցն ունի հյուսիս-արևմուտք-հարավ-արևելք ձգվածությամբ թամբի ձև: Երեք կողմերից շրջապատված է այն անմատույց դարձնող բազալտե ժայռերով և միայն հարավարևմտյան կողմից պատնեշված է աշտարակավոր բարձր պարիսպներով, որտեղ էլ  ավերված ամրոցից ներկայումս պահպանվել են կոթողների բեկորներ: