Ներքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. XXII/XXI – VIII/VII դդ. և վկայում են, որ այն հաջորդաբար օգտագործվել է շուրջ 1500 տարի: Ըստ որում, պեղված նյութերում հանդիպում են թռեղք-վանաձորյան (մ.թ.ա. XXII – XIX դդ.), սևան-արցախյան (մ.թ.ա. XIX/XVIII – XVI դդ.), լճաշեն-մեծամորյան (մ.թ.ա. XV-IX դդ.) և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր:

Ներքին Գետաշենի դամբարանադաշտում տարբեր ժամանակաշրջաններում պեղումներ են իրականացվել. Առաջինը՝ 1905-1906 թթ. այստեղ  պեղումներ է իրականացրել Երվանդ Լալայանը: 1960-ականններին՝ հնագետ Գեդեոն Միքայելյանը: 1989-1991 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նորակառույցների բաժնի հնագիտական արշավախումբը (ղեկավար՝ Աշոտ Փիլիպոսյան) դամբարանադաշտի պահպանված հատվածում պեղել է շուրջ չորս տասնյակ քարարկղային և հիմնահողային դամբարաններ, որոնցում հանդիպում են անհատական և խմբային թաղումներ:

Աշոտ Փիլիպոսյան – «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար ․

«Ներքին Գետաշենի տարածքում պեղված դամբարանների հնագիտական նյութի ուսումնասիրությունը վկայում է, որ այստեղ թաղված են եղել  տվյալ հասարակության սոցիալական վերնախավի ներկայացուցիչները և հիմնական հանգուցյալի հետ նույն դամբանախցում հայտնաբերվել են նաև զոհաբերված և տիրոջն անդրաշխարհ ուղեկցող մարդկանց խումբ՝ կազմված տարբեր տարիքի տղամարդկանցից, կանանցից և երեխաներից»: