«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում պեղումներն ավարտված են
Շինարարության ընթացքում պեղումների անհրաժեշտություն առաջացավ։ Մասնավորապես, պեղվել և ուսումնասիրվել է երկրորդ (արքայական) բաղնիքի լողասրահի՝ ձորին հարող հատվածը, որը, ձորի եզրին գտնվելու պատճառով, կիսով չափ քանդված էր։ Պեղումների արդյունքում բացվել են պատերի հիմքեր, երկու ջրավազան՝ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով։
Գտնվել են մեծ թվով ջնարակված և հասարակ խեցեղեն, և որպես բացառիկ նմուշ՝ սիրամարգի պատկերով շքաղյուսը։
Պեղումներ են իրականացվել նաև պարսպի տարբեր հատվածներում, այդ թվում՝ պարսպի կենտրոնում։ Մոտ 5 մ բարձրության վրա գտնվող գաղտնարանի պեղումների արդյունքում մուտքը բացվել է գրեթե ամբողջ լայնությամբ, ինչը կնպաստի ավելի ճշգրիտ վերականգնման նախագիծ կազմելուն։
Հատկապես ուշագրավ են պարսպի մուտքի պեղումները, որտեղ բացվել է սալաքարերով, տապանաքարերով քայլուղի (միջնադարյան ճանապարհ), իսկ ճանապարհի եզրաքարերի համար օգտագործված են տարբեր կոթողների, այդ թվում՝ որմնակամարներով պատվանդանի հետաքրքիր բեկորներ։
Պեղումներն իրականացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբը (արշավախմբի պետ՝ Ա. Նալբանդյան) ։