ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԱՄԲԵՐԴՈՒՄ

24 Սեպտեմբեր 2018

  • 2

ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԱՄԲԵՐԴՈՒՄ

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում երեկ տոնական մթնոլորտ էր: Ազգային ավանդույթներով, երգ ու պարով ուղեկցվող միջոցառումը սկսվել է ամրոցի մուտքից: Լարախաղացն ու ծաղրածուն բեմականացված, հետաքրքիր ողջույնից հետո ներկաներին ուղեկցել են միջոցառման համար նախատեսված վայրը:

«Կրկես» թատերական հանդեսը, լարախաղաց-աճպարար, գրող և մշակույթի վաստակավոր  գործիչ  Վլադիմիր  Հակոբյանի  գլխավորությամբ  հանդիսատեսին «ստիպել» է  մեկ ու կես ժամ կլանված  նայել  հնարքներով լի, երբեմն էլ`  վտանգավոր  համարները:
Միջոցառմանը  յուրօրինակ  շունչ  էր  հաղորդել  ծաղրածուն: Նա ոչ միայն հասցնում էր կարգավորել  մասնակիցների  շարժը,  այլև`  բաց  չէր  թողնում  լուսանկարվելու  առիթը:
«Տոնացույց»  կենտրոնի «Սուրբ Կարապետ» ժողովրդական թատրոնի սաները, կատարողներ` Փամբակից, Լեռնապատից, Ագարակից  և Ալավերդիից  ներկաներին մի պահ տեղափոխել են ամենայն հայոց  բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի  հարուստ ու  աննկարագրելի  գունագեղ  ստեղծագործական  աշխարհ: Բեմականացված  համարների ընթացքում, զուռնա-դհոլի  ուղեկցությամբ,  միջոցառման մասնակիցները  շուրջ  պար են  բռնել:
Ակտիվ մասնակիցների թվում նաև Հայաստանում առաջին անգամ գտնվող ֆիլիպինցի զբոսաշրջիկների խումբ էր:  Նրանք  ոչ միայն պարել են, այլև`   մասնակցել  թատերականացված  համարներին:

«Իսկական կրկես-թատրոն էր: Ներկայացումը շատ գեղեցիկ ստացվեց, հանդիսատեսն էլ ` տպավորված էր: Կարծում եմ  անհրաժեշտ է զարգացնել այս հրաշալի գաղափարը», – մեր թղթակցի հետ զրույցում ասել  է լարախաղաց-աճպարար Վլադիմիր  Հակոբյանը:

Նրա խոսքով սիրով  կընդունի  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության`  այլ  հուշարձանի տարածքում  նման միջոցառում անցկացնելու հրավերը: Վլ. Ղազարյանի փոխանցմամբ  այսօրինակ նախաձեռնությունները  կարող են զբոսաշրջության զարգացման խթան լինել:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ