ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի տարածքում գտնվող «Տափի բերդ» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ Կառավարության որոշմամբ 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 1924-Ն որոշմամբ։
Տափի բերդն ունի ուղղանկյուն հատակագիծ՝ չորս անկյուններում շրջանաձև հատակագծով աշտարակներ։ Կառուցված է տեղական ճեղքված քարով և կավահողի շաղախով: Ունի 2 մուտք՝ արևելքից և արևմուտքից: Ներքուստ՝ հարավային և արևելյան պարսպապատերին կից կառուցված են տնտեսական նշանակության շինություններ։ Ամրոցի կառուցման վերաբերյալ պատմական տեղեկություններ հայտնի չեն:
Ամրոցի կենտրոնում է գտնվում 13-րդ դ. միանավ բազիլիկ եկեղեցի-մատուռը, կառուցված սպիտակ սրբատաշ կրաքարից, իսկ շուրջը եղել է գերեզմանոց։ Եկեղեցին թաղածածկ է, մուտքը արևմտյան կողմից: Արևելյան կողմում կիսաշրջան հատակագծով խորանն է, որի պատերին բացված են երկու փոքր խորշեր:
Երեկեղու հարավային և հյուսիսային պատերին պահպանվել են մասամբ հողմնահարված, ընդարձակ արձանագրություններ։ Հարավային պատինը դժվար ընթեռնելի է, իսկ հյուսիսային պատին պահպանվել են երկու եռատող արձանագրությունները։
Առաջին արձանագրությունում հիշատակվում է Տարսայիճ Օրբելյան իշխանը, որտեղ երկու անընդմեջ պատարագ է պատվիրված նրա հիշատակին։ Արձանագրության հեղինակը Սարգիս վանականն է։
Մյուս վիմագիրն ունի նվիրատվական բովանդակություն։ Պատվիրատուն՝ Տէր Հովհանը, երեք օր ապրել է Տափում և իր քեռու պատվին Վարդավառի տոնին մեկ օր պատարագ է պատվիրել Ս․ Գեորգ բերդին արված նվիրատվության համար։ Երկու արձանագրություններն էլ թվագրվում են 1291 թ.։
Մատուռ-եկեղեցին հավանաբար կոչվել է Ս․ Գևորգ, որից էլ իր անունն է ստացել հետագայում կառուցված բերդը։ Ժողովուրդն էլ այն ավանդաբար կապել է 10-րդ դարում ապրած Գևորգ Մարզպետունի իշխանի անվան հետ և կոչել նրա անունով։
Տափի եկեղեցին հիշատակվում է նաև Մաշտոցյան Մատենադարանի թիվ 6261 ձեռագրում, իսկ 1496 թ. մեկ այլ ձեռագրում Տափի եկեղեցին հիշատակվում է որպես գրչության կենտրոն և վանք, որտեղ Բարսեղ գրչի ձեռքով գրվել է մի «Սաղմոսարան»: Ամրոցն ու եկեղեցին վերականգնվել են 2008-2010 թթ.:
Տափի բերդի դիմացի բլրի վրա է գտնվում «Գոհար թագուհու վանքը»: Եկեղեցին ավերված է, սակայն պահպանվել են մի քանի արձանագրություններ, որոնցում հիշատակվում են Օրբելյան իշխանները:
010 58 74 25
info@hushardzan.am
Արարատի մարզ, Վեդի համայնք, Ուրցաձորի բնակավայրի տարածք