29
15 Դեկտեմբեր 2023
«Թղիթ» ամրոցը կառուցվել է հավանաբար վաղ երկաթի դարում՝ Ք․ա․ II հազարամյակի վերջերին, ապա վերակառուցվել և շարունակել է ծառայել որպես անառիկ ամրոց-բնակավայր նաև միջնադարում: Գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենյաց լեռնաբազուկի ռազմավարական բարձունքին և անառիկ դիրքի ու մեծ տեսանելիության դաշտ ունենալու շնորհիվ հանդիսացել է Արարատյան դաշտը հյուսիսից եզերող պաշտպանական համակարգի կարևոր օղակներից մեկը, վերահսկել Հրազդան գետի ավազանով դեպի Սևանա լճի ավազան և ավելի հյուսիս տանող միջազգային առևտրական ճանապարհները։
Ամրոցը պաշտպանված է աստիճանաձև դասավորված երեք շարք պարիսպներով, որոնցից առավել անառիկ է բարձունքի գագաթին գտնվող և ուղղանկյուն աշտարակներով հզորացված միջնաբերդը։ Ամրոցի պարիսպները կառուցված են անմշակ զանգվածեղ քարերով, մանր գլաքարային միջնալիցքով և կրաշաղախով: Պարիսպներն ունեն մինչև 6 մ պահպանված բարձրություն:Միջնաբերդի շուրջը՝ դարավանդներին, տարածվում են բնակելի թաղամասերի ավերակները։
Գրականություն