«Ագարակ» պատմամշակութային արգելոց»


 ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղերի տարածքում գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2001 թ. որոշմամբ։

Ագարակի բազմաշերտ հնավայրում արձանագրվել են վիմափոր կառույցներ, որոնք հսկայական տարածք են զբաղեցնում։ Դրանք «սրբազան կամ ծիսական լանդշաֆտի» բացառիկ օրինակներ են։ Տասնյակ հեկտարների վրա անընդմեջ շարունակվող քարաժայռերը, տուֆի ելքերը, քարաբլուրներն ու տուֆե հարթակները, առանձին կանգնած ժայռաբեկորները մշակված են։ Ժայռերի ճակատային մասերը նույնպես մշակված են, առկա են ժայռերում փորված խորշեր, ինչպես նաև դեպի այդ խորշերը տանող աստիճաններ։

Համալիրում ֆիքսվել են կլորավուն, սեղանաձև, եռաստիճան ժայռափոր զոհարաններ և դրանք միացնող առուներ։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են երկու բնակելի համալիրների և տարբեր օժանդակ կառույցների հիմնապատեր։ Հնագիտորեն ֆիքսվել են տուֆի խոշոր քարերով կառուցված, կլոր հատակագծով վաղբրոնզեդարյան կառույցներ, որոնք առաջին անգամ են արձանագրվում կուր–արաքսյան (շենգավիթյան) մշակույթի հնավայրերում։

Ագարակի վաղբրոնզեդարյան բնակատեղին պատկանում է կուր–արաքսյան մշակույթի մոխրաբլուր–շրեշբլուրեան և կառնուտ–շենգավիթյան (մ.թ.ա. XXIX–XXVI դդ.) ընդհանրական փուլին։

Հնավայրի պեղումները սկսվել են 2001 թ.։ Հիմնականում պեղումներ են կատարվել մայրուղու կառուցման հետևանքով երկու մասի բաժանված ժայռահարթակի վրա։ Պեղումները իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկ.՝ Պ. Ավետիսյան)։

Ագարակի հնավայրում պեղված կառույցների մի մասը 2000-ական թթ. պահպանության նպատակով ամրացվել է կավաշաղախով և անցկացվել է ջրահեռացման համակարգ։

2012 թ. պեղումների ժամանակ ժայռահարթակի ամենաբարձր հատվածում ֆիքսվել են ուշ բրոնզ–վաղերկաթեդարյան ամրոցի պարիսպների մնացորդներ։ Պարիսպի հաստությունը տեղ-տեղ հասնում է 5.85–8 մ։ Այն կառուցված է անմիջապես հիմնաժայռի վրա՝ հավանաբար նախապես քանդելով վաղբրոնզեդարյան շերտը և կավաշաղախով հարթեցնելով տարածքը։

Պարիսպն ունի երկերես շարվածք և կառուցված է տուֆե խոշոր քարերով ու սալերով, որոնք ամրացվել են հողաշաղախով։ Պահպանվել են պարիսպի երկու–երեք շարքի քարեր՝ 1.0–1.20 մ բարձրությամբ։ Պարիսպի միջնալիցքից հայտնաբերվել են վաղբրոնզեդարյան արձանիկներ։

Ագարակի ամրոցը հատակագծով ունեցել է եռանկյուն կամ երկրաչափական սեղանի ձև։ Միջնադարում պահպանված պատերն ու կառույցները օգտագործվել են նոր հենապատեր կառուցելու և տարածքը դարավանդաձև դարձնելու համար։

2004 թ. հնավայրի առաջին հարթակի հարավային եզրին հայտնաբերվել է հատակագծային ինքնատիպ լուծումներով ժայռափոր դամբարան։ Այն բաղկացած է նախամուտքից, մուտքից և մեկ սրահից։ Նախամուտքը ծածկող սալաքարը չի պահպանվել։ Նախամուտքի հյուսիսային մասում բացվել է դեպի թաղման սրահ տանող ուղի։ Ուղղանկյուն հատակագծով (չափ՝ 2.15 × 3.5 × 1.85 մ) դամբարանի սրահը ունի կամարաձև առաստաղ։ Պատերում փորված են մեծ ու փոքր որմնախորշեր, իսկ հյուսիսային պատի մոտ՝ հատակի մեջ՝ ավազան։ Դամբարանը հայտնաբերվել է թալանված վիճակում և միայն պարունակում էր տարբեր ժամանակաշրջանների խեցեղենի բեկորներ։ Այն իր հատակագծով և ներքին հարդարությամբ նման է մ.թ.ա. VIII–VII դդ. ուրարտական ժայռափոր դամբարաններին։

Ագարակի հնավայրի հյուսիսային հարթակում հայտնաբերվել են բազմաթիվ դամբարաններ՝ տարբեր թաղման ծեսերով ու կառուցվածքներով։ Ագարակի դամբարանների պեղումների արդյունքում ֆիքսվել են թաղումներ՝ կատարված մ.թ.ա. VI – մ.թ. VI դդ. ընթացքում։ Հյուսիս–արևելյան հատվածի ժայռափոր դամբարանները դասավորված են չորս, ոչ կանոնավոր շարքերով։ Բոլոր դամբարանները ուղղված են արևելքից արևմուտք։ Կմախքները մեջքի վրա են, գլուխը՝ արևմուտք, ձեռքերը՝ կրծքին կամ իրանի երկայնքով։

Հնավայրից հայտնաբերվել են մ.թ. I դ. թվագրվող բրոնզե կնքամատանի՝ կապույտ, օվալաձև ապակե ակով, որի վրա փորագրված է վազող, ձեռքը դեպի դեմքը բարձրացրած մարդու պատկեր։ 2001–2002 թթ. պեղումների ժամանակ բացվել են նաև սալարկղային դամբարաններ ինճպես նաև վաղքրիստոնեական ընտանեկան հանգստարան։

Մ.թ.ա. I հազարամյակի երկրորդ կեսի ժայռափոր հնձանները մեծ միասնական գինեգործական համալիր են եղել։ Այստեղ մեծ քանակությամբ խաղող է տրորվել՝ գինու զանգվածային արտադրության համար։ Հնձանները, հավանաբար, բացօթյա են եղել, սակայն չի բացառվում որ ունեցել են ժամանակավոր ծածկ։

Ագարակում գինեգործությունը շարունակվել է նաև միջին դարերում, ինչի մասին վկայում են միջնադարյան հնձանները։ Բնակատեղին եղել է առևտրական կարևոր հանգույց՝ Այրարատից դեպի Շիրակ և Անի տանող ճանապարհի վրա։

Հյուսիսային համալիրի արևմտյան մասում պեղված վաղ միջնադարյան (V–VII դդ.) շենքերի ավերակների վրա հետագայում կատարվել են IX–XIII դդ. թաղումներ։ Ագարակում ընդհանուր առմամբ ֆիքսվել են բնակեցման յոթ մշակութա–ժամանակագրական փուլեր՝ մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսից մինչև ուշ միջնադար (XVI/XVIII դդ.)։








Կոնտակտային տվյալներ

093374764
mail.taron@mail.ru

Հասցե

ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում, Երևան-Աշտարակ-Գյումրի մայրուղու երկու կողմերում, Ամբերդ գետի աջ ափին, հրաբխային տուֆե ելուստներից կազմված ժայռոտ հրվանդանի վրա:

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ