«ՆՈՐԱՏՈՒՍԻ ԽԱՉՔԱՐԵՐ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի տարածքում գտնվող «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2024 թ. որոշմամբ։

Նորատուս գյուղում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ։ Ավանդության համաձայն՝ բնակավայրը հիմնադրել է Հայկ Նահապետի թոռ Գեղամը, որն այն անվանել է «Նորատունս»։ Միջնադարյան պատմագիր աղբյուրներում բնակավայրը հիշատակվում է «Նորատուք», «Նորատուս» և «Նորատուաց» անվանումներով։

Գյուղի կենտրոնում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին, որը պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպին և կառուցվել է IX դ․ վերջին՝ Գեղարքունի գավառի տեր Գրիգոր Սուփան Բ իշխանի եղբայր Սահակ Սյունու կողմից։ Վերջինս թաղված է իր կառուցած եկեղեցու առջև։ Եկեղեցու բակում է գտնվել գյուղի ամենահին՝ 996 թ. թվագրվող խաչքարային արձանագրությունը, որն այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Նորատուսի հուշարձաններից առանձնահատուկ նշանակություն ունի նաև Սբ Գրիգոր կամ Դափուց վանքը՝ կենտրոնագմբեթ փոքր եկեղեցով։ Այն, հավանաբար, կառուցվել է X դ․ և վերակառուցվել XIII դ․։

Գյուղի չորս կողմերում կանգնեցված են յոթ, այսպես կոչված, «Ցասման խաչեր», որոնք, ըստ միջնադարյան ժողովրդական հավատալիքների, նախատեսված էին բնակավայրը բնական աղետներից պաշտպանելու համար։ Գյուղի հյուսիսային հատվածում է գտնվում ևս մեկ նշանավոր խաչքար՝ «Հազախաչ» անվամբ։

«Խաչքարերի անտառ» անվամբ հայտնի միջնադարյան մեծ գերեզմանոցը գտնվում է Գավառագետի աջ ափին և զբաղեցնում է շուրջ մեկ հեկտար տարածք։ Այստեղ պահպանվել են IX–XVIII դդ․ թվագրվող ավելի քան 600 խաչքարեր և գրեթե նույնքան տապանաքարեր։ Գերեզմանոցի արևմտյան հատվածում առկա են նաև XIX–XX դդ. գերեզմանաքարեր, իսկ թաղումները շարունակվում են մինչև այսօր։

Գերեզմանոցում առավել մեծ թիվ են կազմում XIII–XVII դդ. խաչքարերն ու տապանաքարերը, որոնց զգալի մասը ներկայացնում է առանձին խմբերով դասավորված ընտանեկան գերեզմանատներ։ Խաչքարերը հիմնականում ուղղանկյուն սալեր են՝ արևմտահայաց քանդակազարդ երեսով և կանգնեցված են պատվանդանների վրա։ Հանդիպում են նաև վերնամասում հորիզոնական քիվով կամ երկթեք, սրածայր գագաթով ավարտվող խաչքարեր, որոնք հիմնականում թվագրվում են XIII դ․ և հետագա ժամանակաշրջաններով։ Խաչքարերի շարքում առանձնանում են այն նմուշները, որոնք կրում են կերտող վարպետներ Քիրամի, Ներսեսի, Բաբի և Մելիքսեթի արձանագիր անունները։

Մեծ գերեզմանոցում միմյանցից մոտ 60 մ հեռավորության վրա գտնվում են երկու մատուռներ, որոնք կառուցվել են հանգուցյալների հոգու փրկության համար մատուցվող պատարագների անցկացման նպատակով։ Հարավային մատուռը թվագրվում է 1211 թ., իսկ հյուսիսայինը՝ 1714 թ., կառուցվել է Ալեքսանի կողմից, ինչի մասին վկայում է պահպանված վիմագիր արձանագրությունը։ Խաչքարադաշտում ամենահին թվական արձանագրություն ունեցող խաչքարը կանգնեցվել է 1225 թ․։

Նորատուսի միջնադարյան մեծ գերեզմանոցը, Ջուղայի (գտնվում է Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում) հայկական գերեզմանոցի 2005–2006 թթ. ոչնչացումից հետո, համարվում է միջնադարյան քրիստոնեական ամենախոշոր պահպանված գերեզմանոցներից մեկը Մերձավոր Արևելքում։


Կոնտակտային տվյալներ

010 58 74 25
info@hushardzan.am

Հասցե

Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Նորատուս բնակավայր

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ