«ԱՂՁՔ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ

ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող «Աղձք» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է Կառավարության 2022 թ. որոշմամբ։

Արգելոցը  ներառում է արքաների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ:

Աղձքը հայ պատմագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու մոտ՝ Սասանյան Պարսկաստանի Շապուհ Բ արքայի՝ 359 թ. Հայաստան կատարած արշավանքի համատեքստում։ Նրանք պատմում են Դարանաղյաց գավառի Անի-Կամախ ամրոցից Հայոց արքաների ոսկորների հափշտակման, վերադարձի և Աղձքում ամփոփման մասին։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ սպարապետ Վասակ Մամիկոնյանը զենքի ուժով վերադարձնելով արքաների ոսկորները՝ դրանք ամփոփում է «…ի գեւղն, որ Աղձքն անուանին»։ Մովսես Խորենացին նշում է, որ Աղձքը ընտրվել է Վաղարշապատի փոխարեն, քանի որ այնտեղ հեթանոս և քրիստոնյա թագավորների ոսկորները խառնված էին միմյանց։

Հնագիտական տվյալները վկայում են, որ Աղձքը հիմնվել է դեռևս նախաքրիստոնեական շրջանում և հարատևել մինչև ուշ միջնադար։

Արքաների դամբարանը համալիրի առանցքային կառույցն է։ Այն կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարերից՝ կրաշաղախով կապակցված և, ընդունված տեսակետի համաձայն, թվագրվում է 364 թ․։ Ենթադրվում է, որ շինությունն ի սկզբանե եղել է երկհարկանի, որից պահպանվել է միայն ստորին՝ կիսագետնափոր հարկը։ Դամբարանի միակ մուտքը արևմտյան կողմից է, որին կից թաղածածկ նախասրահն է։ Մուտքի բացվածքը եզերված է պարզ սյուներով և զարդարված բարավորով ու կիսաշրջանաձև ճակատակալ քարով։

Ըստ ավանդական մեկնաբանության՝ արքաների ոսկորները զետեղված են եղել արկասոլիներում։ Սակայն 2016 թ. պեղումների արդյունքները հիմք են տվել մեկ այլ վարկածի, ըստ որի Հայոց արքաների մասունքները ամփոփված են եղել եկեղեցու խորանի առջև՝ սալահատակի տակ հայտնաբերված վաղ միջնադարյան երեք տուֆակերտ մասունքատուփերում։

Դամբարանը առանձնանում է իր բարձրարժեք որմնաքանդակներով, որոնք տեղադրված են մուտքի սյուների, բեռնաթափիչ կամարի և արկասոլիների կափարիչ սալերի վրա։ Պատկերաքանդակների թեմատիկան պայմանավորված է այն հանգամանքով, որ այստեղ ամփոփվել են ինչպես հեթանոս, այնպես էլ քրիստոնյա հայոց թագավորների ոսկորները։ Դամբարանի հարթաքանդակներում հանդիպում են ինչպես նախաքրիստոնեական դիցաբանական, այնպես էլ աստվածաշնչյան թեմաներ։ Մարդկային կերպարները ներկայացված են միջնադարյան արվեստին բնորոշ պայմանականությամբ և համամասնությունների խախտմամբ՝ տեղական հնավանդ ոճի շրջանակում։

Առանձնապես ուշագրավ են որսի տեսարանները, առյուծի և եղջերվի պայքարի պատկերները, ինչպես նաև Դանիելը առյուծների գբում թեմայով հարթաքանդակը։ Խաչային, կենդանական և երկրաչափական զարդամոտիվները ներկայացնում են գաղափարական և խորհրդանշական բազմաշերտություն՝ բնորոշ վաղ միջնադարյան հայկական արվեստին։

IV դ․ թվագրվող Աղձքի եկեղեցական համալիրը հայ մատենագրության մեջ հիշատակվում է 607 թ․ Դվինում կայացած եկեղեցական ժողովի կապակցությամբ, որտեղ նշվում է Աղձքի վանահայր Միքայելը։ Այն կառուցված է սև, դեղնավուն և կարմրավուն տուֆ քարերից։ Պահպանվել են հիմնականում պատերի և մույթերի ստորին հատվածները։ Եկեղեցին ունի ընդարձակ աղոթասրահ, որի ներքին տարածքը չորս մույթով բաժանվում է կենտրոնական լայն և եզրային նեղ նավերի:

Եկեղեցու շուրջ ձևավորվել է ընդարձակ գերեզմանոց, որտեղ թաղումները կատարվել են մեծ խտությամբ՝ մինչև չորս շերտով։ Գերեզմանների թվագրությունը հասնում է մինչև XIV–XVI դդ․։ Թաղումներ են իրականացվել նաև արքայական դամբարանի հարավային և արևմտյան պատերի անմիջական հարևանությամբ։

Դամբարանի հարավային հատվածում բացվել են հուշակոթողային կառույցի հիմքեր՝ կառուցված սրբատաշ դեղին տուֆի մեծ սալերից, առանց կրաշաղախի։ Կառույցը եռամաս է և, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել թևավոր խաչերով պսակված կոթողների տեղադրման համար։ Կառուցողական առանձնահատկությունները թույլ են տալիս այն համարել համալիրի ամենահին շինություններից մեկը։

Աղձքի հուշարձանախմբի տարածքում մինչև XX դ․ առաջին կեսը հնագիտական պեղումներ չեն իրականացվել։ Առաջին մասնակի պեղումները, ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները կատարվել են 1973–1975 թթ․։ Հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2001–2002 և 2015–2017 թթ․՝ համատեղելով պեղումները չափագրման և բարեկարգման աշխատանքների հետ։

Կոնտակտային տվյալներ

010 58 74 25
info@hushardzan.am

Հասցե

Արագածոտնի մարզ, Աղձք բնակավայր, Աշտարակ համայնք

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ