ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի տարածքում գտնվող «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է Կառավարության 2021 թ. որոշմամբ։
Դաշտադեմի ամրոցը գտնվում է Արտենի լեռան հարավարևելյան կողմի սարահարթին՝ հզոր պարիսպներով և բարձր աշտարակներով ամրացված տարածքում։ Այն տեղակայված էր Դվինից Անի տանող քարավանային ճանապարհների վրա և կարևոր դեր էր կատարում դրանց անվտանգության ապահովման գործում։ Համալիրը բաղկացած է միջնաբերդ-դղյակից, աշտարակավոր պարսպապատից, եկեղեցուց, գաղտնուղուց, ստորգետնյա ջրամբարներից և աշխարհիկ շենքերից։
Ամրոցի վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավ են։ Միջնաբերդի պատերին պահպանվել են մի քանի վիմագրեր։ Հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբատառ արձանագրության վերծանումից հայտնի է դարձել, որ 1174 թ. Շադդադյաններն (միջնադարյան Հայաստանում իշխած քրդական ծագում ունեցող ամիրայական տոհմ) այստեղ իրականացրել են ամրաշինական աշխատանքներ։ Այս արձանագրության դիմաց՝ միջնաբերդի մուտքի վերևում, մինչև XX դ․ պահպանվել է երկրորդ կարևոր արձանագրությունը, համաձայն որի՝ 1307 թ. Աղպուղա Զաքարյանը ազատում է Թալին գյուղը գինու հարկից։
Դաշտադեմի ամրոցի հնագույն կառույցներն են միջնաբերդում գտնվող դղյակը և նրա շուրջ կառուցված աշխարհիկ ու պաշտամունքային շենքերը, որոնք ընդգրկված են ներքին պարսպապատի մեջ։ Դաշտադեմի դղյակը ներսից կրաշաղախով պատված, սալապատ հատակով, թաղածածկ դահլիճ է։ Այն կառուցված է Տիգնիսի, Մաղասբերդի, Երազգավորս–Արալըղի, Բագարանի, Մրենի (ներկայում՝ Թուրքիայի տարածքում), Վահրամաբերդի, Գուսանագյուղի, Հոռոմի, Ամբերդի, Արուճի և Կոշի դղյակների նմանությամբ։ Մատենագրական աղբյուրների, վիմագիր արձանագրությունների, պեղումներով հայտնաբերված նյութերի և ճարտարապետական առանձնահատկությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ XIII–XIV դդ․ առաջին քառորդում Դաշտադեմի դղյակը եղել է Զաքարյանների Շահնշահյան ճյուղի նստավայրերից մեկը։
Միջնաբերդում գտնվող կառույցն ուղղանկյուն հատակագծով թաղակապ շինություն է, որը թվագրվում է XI–XII դդ․։ Գլխավոր մուտքը գտնվում է հարավային կողմում և իրենից ներկայացնում է 3,1 մ երկարությամբ նեղ միջանցք, որը փակվել է շարժական մեխանիզմով աշխատող քարե դռնով։ Վերջինս միջնադարում բավականին տարածված երևույթ էր և կիրառվում էր նաև քարայրների մուտքերը փակելու համար։ Երկրորդ մուտքը բացված է հյուսիսարևմտյան պատի մեջ և գաղտնի միջանցքով հասել է մինչև աշտարակի պատը։ Կառույցի կենտրոնում, հիմնաժայռի վրա, գտնվում է բազմանիստ ավազան՝ պատված անջրանցիկ կրաշաղախով։ Ավազանը ծածկող երեք խոշոր ծածկասալերը, հավանաբար, հեռացվել են վերանորոգման աշխատանքների ընթացքում։
Ներքին պարսպապատը ունի 190 մ ընդհանուր երկարություն, բազմանկյուն հատակագիծ, 11 կիսակլոր աշտարակ և երկու դարպաս։ Այն ընդգրկում է շուրջ 2500 քմ տարածք։ Պատերի պահպանված բարձրությունը կազմում է 1–1,5 մ, իսկ առանձին հատվածներում հասնում է մինչև 4,5 մ։ Գլխավոր դարպասը գտնվում է հարավային երկու աշտարակների միջև։ Կամարի տակ պահպանված դռան ծխնիների համար նախատեսված երկու փոքր քառակուսի կրունկները վկայում են, որ դարպասը փակվել է երկփեղկ փայտե դռնով։
Դղյակի տարածքում գտնվում է պալատական եկեղեցին, որը վերականգնվել է 2006 թ.։
Գաղտնուղին սկիզբ է առնում հարավարևմտյան պարսպապատից և դուրս գալիս ամրոցից՝ դեպի արևմուտք։
Միջնադարյան համալիրի կարևոր բաղադրիչներից է ստորգետնյա ջրամբարը։ Եկեղեցու արևելյան կողմում 1989 թ. իրականացված պեղումների ընթացքում բացվել է կավե խողովակաշարով դեպի ջրամբար հոսող ջրատարի մի հատված։ Ստորգետնյա ջրամբարն ու ջրատար առուն կառուցվել են համաժամանակյա միջնաբերդի թաղակապ կառույցի հետ։ Դաշտադեմ ամրոցի ջրամատակարարման համակարգը կապված է եղել Թալինի խմելու ջրի և արհեստական ոռոգման ցանցի հետ։
Դաշտադեմ ամրոցում տարբեր ժամանակներում իրականացվել են պեղումներ և վերականգնողական աշխատանքներ։
1989–1990 թթ. հնագետ Ե․ Ասատրյանի ղեկավարությամբ բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, ինչպես նաև միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև ընկած տարածքը։
2005–2006 թթ. Իտալիայի հայկական մշակույթի ուսումնասիրության և վերականգնման կենտրոնի մասնակցությամբ պեղվել են Զաքարյանների պարսպի գլխավոր կամարակապ մուտքի ներսի հատվածը և աշտարակները։
2011 թ. պեղումներ են իրականացվել արևմտյան և հարավարևմտյան հատվածներում՝ միջնաբերդի և պարսպապատի միջև։ Արդյունքում բացվել են միջնաբերդի հիմքերը, որոնք դրված են տուֆե ժայռի վրա, ինչպես նաև արևմտյան պարսպապատին կից երկու հնձանի հորեր։
2015 թ․ սկսած և մինչ օրս պեղումները շարունակվում են դղյակի ներքին շրջապարսպի և միջնաբերդի միջև ընկած արևելյան և հարավային հատվածներում՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից (ղեկ․՝ Ա․ Բաբաջանյան)։
Դաշտադեմի ամրոցից հայտնաբերվել են մեծ քանակությամբ հասարակ, ջնարակապատ և շինարարական խեցեղենի բեկորներ, որոնք թվագրվում են XII–XVI դարերով։ Շինարարական խեցեղենի առկայությունը վկայում է, որ ամրոցի տարածքում գտնվող եկեղեցու տանիքը ծածկված է եղել կղմինդրով։
010 58 74 25
info@hushardzan.am
Արագածոտնի մարզ, Դաշտադեմ համայնքի վարչական տարածք, 14 փողոց, հ․ 6