«ԲԵՐԴԿՈՒՆՔ ԱՄՐՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում՝ Սևանա լճի արևմտյան ափին գտնվող «Բերդկունք ամրոց» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2024 թ. որոշմամբ։

«Բերդկունք» ամրոցը հայտնի է նաև «Իշխանաց բերդ», «Սպիտակ բերդ» անուններով։ Ամրոցը գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդկունք գյուղի արևելյան հատվածից։ Բերդկունքն արևմուտքից արևելք, իր գրեթե ամբողջ երկարությամբ, եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավարևմտյան անկյունում միանում է դեպի հյուսիս ձգվող մեկ այլ խրամուղու, որոնց ընդհանուր երկարությունը հասնում է 275 մ։

Համեմատաբար լավ պահպանվել են միջնադարյան ամրոցի կենտրոնական մասի կառույցները, կանգուն է պարսպապատը։ Միջնաբերդի հարավային աշտարակը պահպանվել է մինչև 8 մ բարձրությամբ։ Պահպանվել են բազմաթիվ կառույցների ավերակներ, հատկապես՝ արևելյան մասում, լճին հարող հատվածում, որտեղ պահպանված պատերի բարձրությունը հասնում է մինչև 1,5 մ։ Բերդկունքը, որպես լճափնյա անառիկ հենակետ, իր հզորության բարձունքին է հասել զարգացած միջնադարում (IX–XIII դդ.)։ Այն կարևորագույն կայան էր Դվին–Պարտավ տարանցիկ ճանապարհի վրա։

Ամրոցի և Հայրավանքի միջև տարածվում էր միջնադարյան Հայաստանի առևտրի և արհեստագործական կարևոր կենտրոններից մեկը՝ Բերդկունք ավանը։ Բերդկունքի վաճառատեղին նշանավոր էր իր խանութներով և իջևանատներով։ Առևտրավայրն ուներ «ազատ քաղաք»-ի կարգավիճակ, չէր պատկանում որևէ աշխարիկ կամ հոգևոր ավատատերի և ենթարկվում էր քաղաքի ավագանուն։

Բերդկունք ամրոցում առաջին պեղումները 1980-ական թթ. իրականացրել է հնագետ Գ․ Սարգսյանը։ Հետագայում իրականացվել է հուշարձանի տարածքի չափագրում։

2024 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը (ղեկավար՝ Լ․ Ալեքսանյան) շարունակել է պեղումները։ 2024 թ. պեղվել են հիմնականում արևմտյան պարիսպների և աշտարակների արտաքին և ներքին հատվածները, բացվել պարսպին կից կառույցները։

Պեղումները ցույց են տվել, որ հյուսիսային աշտարակը սնամեջ է եղել, ունեցել է հստակ ներսույթ՝ գրեթե բոլորաձև հիմքով։ Աշտարակն հավանաբար ունեցել է նաև երկրորդ հարկ, իսկ բացված հատվածը եղել է կիսանկուղային։

Ամրոցի տարածքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են XII– XIV դդ. թվագրվող «մոնղոլական» տիպի երկաթե նետասլաք, վառարան-թոնիրներ, ջնարակապատ և հասարակ խեցեղենի բեկորներ և այլն։

Կոնտակտային տվյալներ

010 54 78 25
info@hushardzan.am

Հասցե

Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Բերդկունք բնակավայր

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ