ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի տարածքում գտնվող «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցը ստեղծվել է 1974 թ․, իսկ 2003 թ. գործում է որպես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ:
Վանքը հիմնադրել է միջնադարի նշանավոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշը՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ. երկրաշարժից: Վանքը սկզբում կոչվել է Նոր Գետիկի վանք, իսկ հիմնադրի մահից հետո ստացել է «Գոշավանք» անունը:
Գոշավանքի ճարտարապետական համալիրի հուշարձանները բաժանված են երկու խմբի: Ձորակի հյուսիսային լանջին գտնվում է հիմնական խումբը, որը բաղկացած է Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր Լուսավորիչ և Սբ Գրիգոր եկեղեցիներից, գավթից, գրատուն-զանգակատնից, մատուռներից և խաչքարերից: Այս խմբից հարավարևելք, ձորակի հանդիպակաց լանջին, իրարից փոքր-ինչ վեր տեղավորված են Սբ Հռիփսիմե երկխորան եկեղեցին և մի կառույց, որը համարվում է Մխիթար Գոշի դամբարանը:
Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության նշանավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են իրավագիտություն, պատմագիտություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն և գրչարվեստ: Այստեղ ուսանած հոգևոր գործիչները՝Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ, շարունակելով դպրոցի ավանդույթները, հետագայում այլ վայրերում ստեղծել հոգևոր դպրոցներ:
Սբ Աստվածածին եկեղեցին վանքի հնագույն շինությունն է։ Այն կառուցվել է 1191-1196 թթ. Մխիթար Հյուսն վարպետի կողմից, Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների նյութական օժանդակությամբ: Եկեղեցին խաչագմբեթ է, ավագ խորանին կից ունի կրկնահարկ զույգ ավանդատներ: Գլխավոր մուտքը գավթից է, մյուսը՝ հյուսիսային ճակատից: Եկեղեցու պատերին պահպանվել են բազմաթիվ արձանագարություններ, ինչպես փորագրված, այնպես էլ կարմիր ներկով ծեփի վրա գրված:
Գավիթը գտնվում է եկեղեցու արևմտյան կողմում և կառուցվել է 1197-1203 թթ.՝ Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրների մեկենասությամբ: Այն քառասյուն ժամատուն-գավիթ է՝ արևելյան կողմում զույգ ավանդատներով: Ծածկը հենված է չորս սյուների և պատերին կից ութ որմնասյուների վրա, իսկ կենտրոնական հատվածում տեղակայված է երդիկ:
Սբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1241 թ. գլխավոր եկեղեցու հարավային կողմում և ունի նույն ճարտարապետական հորինվածքով, բայց ավելի փոքր չափերի:
Համալիրի մյուս եկեղեցին Սբ Գրիգոր Լուսավորիչն է։ Այն կառուցվել է 1237-1241 թթ.՝ գավթի հարավային պատին կից, իշխան Գրիգոր Տղայի միջոցներով: Միանավ բազիլիկա է՝ երկլանջ տանիքով և աչքի է ընկնում արտաքին պատերի զարդաքանդակներով ու ճարտարապետական տարրերով: Սբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը, որոնցից մեկը 1936 թ. տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան, համարվում են խաչքարագործության լավագույն նմուշներից: Սրանք կերտվել են նշանավոր Պողոս քարգործ-վարպետի կողմից 1291 թ.:
Գրատուն-զանգակատունը կրկնահարկ կառույց է։ Գրատունը կառուցվել է 1241 թ., իսկ զանգակատունը՝ 1291 թ.: Գրատան ներսի պատերին կան խորշեր` ձեռագրեր պահելու համար: Շենքի հյուսիսարևմտյան կողմում տեղադրված է մի շինություն, որի միայն պատերն են պահպանվել։ Այն ենթադրաբար եղել է վանքի միաբանության սեղանատունը կամ դպրոցը:
Գոշ անվան հետ կապված կա մի ավանդազրույց։ Մխիթար Գոշը երազում տեսնում է Աստծուն, ով զգուշացնում է, որ յոթ տարի շարունակ արգասաբեր տարիներ կլինեն, որոնց հաջորդելու է երաշտը: Աստված խորհուրդ է տալիս Գոշին եկեղեցիներում ամբարներ կառուցել և դրանք լցնել հացահատիկով: Երբ սկսվում է երաշտը, Գոշը վերցնում է մի մեծ զամբյուղ՝ «գուշ», լցնում է հացահատիկով և բաժանում մարդկանց: Այս համատեքստով է բացատրվում նրա Գոշ անունը:
010 54 78 25
info@hushardzan.am
Տավուշի մարզ, Գոշ համայնք