ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում գտնվող «Երերույք» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է Կառավարության 2024 թ. որոշմամբ։
Հնագիտական վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Երերույքի տաճարը թվագրվում է VI դ.:
Ճարտարապետական համալիրը գրավոր աղբյուրներում և մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է «Երերույքի բազիլիկ», «Երերույքի Սբ Աստվածածին» և «Երերույք» անվանումներով: Բազիլիկի ներսում պահպանված արձանագրությունում Երերույքը կոչվել է «Կարապետի և Նախավկայի վկայարան», իսկ ուշ միջնադարում համալիրն արդեն գործել է որպես վանք-եկեղեցի` Սբ Երրորդություն անվամբ։
Երերույքի տաճարը կառուցված է ընդարձակ բնական ժայռոտ տեղանքում ձևավորված վեցաստիճան պատվանդանի վրա՝ Անիի բաց նարնջագույն տուֆից: Աստիճանները տանում են սյունազարդ սրահներ՝ հարավային ճակատում՝ երկու, արևմտյան կողմում՝ մեկ շքեղ ձևավորված մուտքերով։ Սյունազարդ սրահների ծածկերը քանդված են, սակայն պահպանվել են կլոր սյուների բեկորներ, խարիսխներ և խոյակներ։
Աղոթասրահը երկշարք մույթերով բաժանված է երեք նավի: Միջին նավն արևելյան կողմում ավարտվում է ավագ խորանի կիսաշրջան աբսիդով: Հորինվածքի չորս անկյուններում, հիմնական ծավալից դուրս, տեղակայված են կրկնահարկ ավանդատներ:
Համալիրը ներառում է մի շարք կառույցների մնացորդներ, որոնց կենտրոնական առանցքը կազմում է բազիլիկը։ Նրա հյուսիսային, արևելյան և հարավային կողմերում արձանագրվել են մասնակի պահպանված կառույցներ, իսկ բազիլիկի հարավ-արևելյան հատվածում բացվել է գերեզմանոց և հուշադամբարանային գոտի՝ բազմաթիվ քառակուսի պատվանդաններով։ Համալիրի արևելյան մասում պահպանվել են քարարկղային թաղումների (սարկոֆագների) մնացորդներ։ Եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում բացվել է կացարանների խումբ, ինչպես նաև կառույցներ, որոնք, ըստ ամենայնի, ծառայել են որպես գոմեր կամ փարախներ։ Բացի այդ, տարածքում հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և քանդակազարդ քարերի բազմաթիվ բեկորներ։ Համալիրի մաս է կազմել նաև արհեստական ջրամբարը, որի պատվարի մնացորդները բացահայտվել են հնագիտական պեղումների ընթացքում։
Տաճարի քանդակային հարդարանքը բնութագրվում է բավականին զուսպ լուծումներով։ Արտաքին ճակատներում կիրառված ճարտարապետական ձևերն ու զարդանախշերը ոճական կուռ միասնություն են կազմում ներսի հարդարանքի հետ: Հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունում քանդակն արտաքին և ներքին հարդարանքի կարևորագույն տարրերից է: Ժառանգելով քարի մշակման բազմադարյա մշակույթը` միջնադարյան վարպետները զարգացրել և բարձր կատարելության են հասցրել արվեստի այս ճյուղը։
Երերույքում, ինչպես հայկական վաղմիջնադարյան եկեղեցական այլ կառույցներում, կարևոր տեղ էր տրվել մուտքերի, լուսամուտների և ճակատների բարձրաքանդակային հարդարանքին:
Մուտքերի բացվածքների երկու կողմերում տեղադրված են մեկական կամ զույգ կիսասյուներ, որոնց վրա հենվում է նախամուտքի կամարածածկը՝ առնված երկլանջ կտուրի տակ և ճակատի կողմից ընդգծված ճակտոնով։ Երկրորդ մուտքում բացակայում է երկլանջ կտուրը և, հետևաբար, նաև ճակտոնը: Արևմտյան շքամուտքի հարդարանքում ևս երկլանջ տանիքը բացակայում է՝ ենթադրաբար ավերված լինելու պատճառով:
Շքամուտքերի հարդարանքում կարևոր դեր է կատարում բարավորը պսակող տրամատավոր, պայտաձև կամարունքը՝ հենված որմնասյուների վրա, որի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում տրամատով և ատամնավոր զարդագոտիով երիզված երկլանջ տանիքը: Այս ճարտարապետական տարրերը՝ որմնասյուների հետ միասին, ընդգծում և «շրջանակում» են մուտքերի բարավորը: Երերույքի բոլոր երեք շքամուտքերի բարավորները կարևոր դեր են կատարում տաճարի քանդակային հարդարանքում և, ըստ ամենայնի, կրում են սրբազան թեմաների պատկերագրական այլաբանություններ:
Երերույքի տաճարի գիտական ուսումնասիրությունները սկսվել են դեռևս XX դ․ սկզբին։ Մասնավորապես, 1907-1908 թթ. Ն. Մառը Երերույքին նվիրված երկու հետազոտական արշավ է կազմակերպել, ինչպես նաև լրացուցիչ այցելություն կատարել 1914 թ.: Նա գրել է բազիլիկին նվիրված առաջին մենագրությունը։
1928 թ. իրականացվել են բազիլիկի պահպանության առաջին միջոցները՝ լիցքով փակվել են հյուսիսային, արևելյան և հարավային պատերի բացվածքները:
1948 և 1957-59 թթ. ճարտարապետ և հնագետ Ալ. Սահինյանի ղեկավարությամբ լրացվել են բազիլիկի պարագծով ընթացող աստիճանները և հարավային ճակատի բացակայող հատվածները:
1987-1988 թթ. իրականացվել են համալիրի մաքրման լայնածավալ աշխատանքներ՝ մասնավորապես բազիլիկի ներսում, պարսպի մնացորդների, ինչպես նաև եկեղեցուց հարավ և արևմուտք գտնվող կացարանների և փարախների տարածքում:
1988 թ. երկրաշարժից հետո Նյու Յորքի «World Monuments Fund»-ը և Միլանի ու Վենետիկի «Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնը» (ՀՄՈՒՎԿ) իրականացրել են ամրակայման աշխատանքներ տաճարի առավել վտանգված հատվածներում:
1989-2005 թթ. ՀՄՈՒՎԿ-ը, ներգրավելով բազմաթիվ մասնագետների՝ հիմնականում Իտալիայից, ՀՀ մասնագետների հետ համագործակցությամբ Երերույքի տաճարում իրականացրել է մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ կառույցների հնագիտական ուսումնասիրություններ, կառուցվածքի տեխնիկական վերլուծություններ, չափագրություններ և մի քանի կարևոր ամրացումներ:
2009-2016 թթ. Էքս-Մարսելի համալսարանի և CNRS-ի «Միջերկրածովյան ավազանի միջնադարյան և նոր հնագիտության փորձարանը» Պ․ Տոնապետյանի ղեկավարությամբ իրականացրել է հնավայրի հնագիտական բազմակարգային հետազոտություն՝ համագործակցելով ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի երկրագիտական թանգարանի հետ:
2024 թ․ իրականացված աշխատանքների ընթացքում ներարկումների միջոցով ամրակայվել են տաճարի հիմքերը, աստիճանահարթակները և պատերը՝ մինչև 2 մ բարձրությամբ, ինչպես նաև կազմակերպել է ջրահեռացման համակարգը։
010 58 74 25
info@hushardzan.am
Շիրակի մարզ, Անի համայնք, Անիպեմզա բնակավայր