«ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է Կառավարության 2024 թ. որոշմամբ։ Այն տեղակայված է Գորիսից հարավ-արևելք՝ ներկայիս Խնձորեսկի հյուսիսարևելյան եզրի ձորահովիտներով կտրտված լեռնահովտում։ 

Պատմական բնակավայրը կազմված է եղել երկու հիմնական՝ Մեծ և Փոքր թաղերից, որոնք իրենց հերթին բաժանված են եղել ավելի փոքր թաղամասերի։ Բնակավայրի ձևավորման սկզբնական փուլում գերակշռել են բնակելի քարանձավները, որոնք միաժամանակ ծառայել են որպես պաշտպանական պատսպարաններ։ Քարանձավները փորված են եղել թե՛ առանձին ժայռաբեկորների մեջ, թե՛ տարբեր բարձրությունների վրա ձգվող ժայռազանգվածներում ձևավորված քարայրային համալիրներում։ Մինչև 20 մ բարձրության վրա գտնվող քարանձավներ բնակիչները բարձրացել են պարանների միջոցով, ինչը վկայում է տարածքի յուրացման բարձր մակարդակի և պաշտպանական մտածողության մասին։ Ժամանակի ընթացքում քարայրային բնակելի համակարգը համալրվել է մինչև երեք հարկ բարձրությամբ քարաշեն կցակառույցներով։ Դարավանդաձև դասավորված տները լեռնալանջերին ձևավորել են բազմահարկ բնակելի համալիրի տպավորություն՝ բնութագրական լինելով խտացված և տարածքայնորեն արդյունավետ բնակավայրերի համար։

Հուշարձանային համալիրներից առանձնանում է Խնձորեսկի բերդը, որի դժվարամատչելի քարայրային համակարգը 1728–1730 թթ․ ծառայել է որպես Մխիթար Սպարապետի զորակայան։ Գյուղատեղում կառուցվել են չորս եկեղեցի, որոնցից պահպանվել են XVII դ․ Սբ Հռիփսիմե եռանավ բազիլիկ և XVII–XVIII դդ․ Սբ Թադևոս միանավ եկեղեցիները։ Անապատի եկեղեցին, որը միջնադարում եղել է ձեռագրական մշակույթի կարևոր կենտրոն, ներկայումս խոնարհված է։ Վերջինիս բակի տապանատանը գտնվում է Մխիթար Սպարապետի գերեզմանը։ Բնակատեղիի հարավարևելյան հատվածում պահպանվել է նաև IX–X դդ․ թվագրվող ժայռափոր եկեղեցին։

Խնձորեսկի վերաբերյալ արժեքավոր պատմական տեղեկություններ է հաղորդում պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ։ Այստեղ ներկայացված հարկացուցակի համաձայն՝ Խնձորեսկ գյուղը Տաթևի վանքին վճարել է 10 միավոր հարկ։ Բնակչությունն զբաղվել է տարբեր արհեստներով, իսկ դարբինները, պայտագործները, որմնադիրները, զինագործները և գորգագործները իրենց մասնագիտական հմտությունները կիրառել են նաև տարածաշրջանի այլ բնակավայրերում։

Խնձորեսկը համարվել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկը։ XX դարի սկզբներին նրա բնակչության թիվը հասել է շուրջ 8300-ի, գործել են 7 դպրոց և 27 խանութ, ինչը բնորոշ էր սոցիալ-տնտեսապես զարգացած գյուղական կենտրոնին։ Գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը՝ հանդես գալով որպես ռազմաքաղաքական կարևոր հենակետ։

1950-ական թվականներին նոր բնակավայրի կառուցման նպատակով հին բնակատեղիի կառույցների շինաքարի լայնածավալ  օգտագործումը հանգեցրել է պատմամշակութային միջավայրի զգալի խաթարմանը։ Այնուամենայնիվ, պահպանված շերտերը և հուշարձանային մնացորդները կարևոր վկայություններ են Խնձորեսկի միջնադարյան և նոր շրջանի սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի մասին։

2012 թ․ շահագործման է հանձնվել Հին Խնձորեսկի երկու ձորափերը միացնող ճոճվող կամուրջը (երկարությունը՝ 160 մ, առավելագույն բարձրությունը՝ 63 մ), որն իր տեսակով եզակի ինժեներական կառույց է և հանդիսանում է տարածքի կարևոր զբոսաշրջային և տեսարժան բաղադրիչներից մեկը։



Կոնտակտային տվյալներ


info@hushardzan.am

Հասցե

Սյունիքի մարզ, Գորիս համայնք

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ