ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում գտնվող «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2021 թ. որոշմամբ։
Այն միջնադարյան Հայաստանի կարևորագույն քաղաքներից էր և վարչատնտեսական, մշակութային ու հոգևոր խոշորագույն կենտրոններից մեկը։ Քաղաքը տեղափոխվել է IV դ․ 30-ական թթ․ ՝ Հայոց Արշակունի թագավոր Խոսրով Կոտակի իշխանության օրոք, Այրարատ նահանգի արքունական տիրույթ հանդիսացող «Ոստան» գավառում։
Արշակունիների անկումից հետո՝ 428 թ. Դվինը Մարզպանական Հայաստանի մայրաքաղաքն էր: 470 ական թթ. Գյուտ կաթողիկոսի օրոք Վաղարշապատից այստեղ է տեղափոխվում՝ Հայոց հոգևոր կենտրոնը` կաթողիկոսարանը։ Քաղաքի կենտրոնում վեր է խոյացել անառիկ միջնաբերդը՝ հսկայածավալ կավաշեն պարիսպներով և շուրջ 44 աշտարակներով։ Միջնաբերդը շրջափակված է եղել ջրային խարամով, որի վրա գցված կամուրջները այն կապել են քաղաքային թաղամասերի հետ: Բուն քաղաքը նույնպես շրջապատված է եղել մինչ օրս նկատելի հզոր պարիսպներով:
Քաղաքի պեղումների ընթացքում բացվել են միջնաբերդի և թաղամասերի տարբեր դարաշրջանների պատկանող աշխարհիկ, պաշտամունքային, ամրաշինական, արտադրական ճարտարապետական կառույցներ, գտնվել արհեստագործական արտադրանքի բազմաթիվ նմուշներ, ուրվագծվել քաղաքի ժամանակագրական պատկերը, ճշգրտվել սահմանները, ուսումնասիրվել բնակչության սոցիալական տարբեր խավերի կյանքն ու կենցաղը:
VIII-IX դդ. Դվինը եղել է արաբ զավթիչների ստեղծած «Արմինիա» վարչամիավորի կենտրոն: Այն նոր վերելք է ապրել IX-XI դդ. Բագրատունիների թագավորության օրոք: IX դ. երկրորդ կեսին բռնազավթվել է սելջուկ թուրքերի կողմից, իսկ արդեն XIII դ. ազատագրվել է հայ-վրացական միացյալ զորքերի կողմից՝ Զաքարյանների գլխավորությամբ: Դվինն ամբողջությամբ ավերվել է 1225 թ. Ջալալ Էդ Դինի և 1236 թ. մոնղոլների արշավանքների ժամանակ: XV-XVI դդ. նրա տարածքում առաջացել են մի քանի գյուղական բնակավայրեր:
Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և նրա շրջակայքի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական բազմաթիվ շինությունների մնացորդներ։
Դվինի պեղումերը հսկայական նշանակություն են ունեցել միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական պատմության և քաղաքաշինության ուսումնասիրության համար: Այն հայկական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն օջախներից մեկն է եղել: Հայաստանի վաղմիջնադարյան ճարտարապետության դասական կառույցներից են Դվինի պաշտամունքային և աշխարհիկ մոնումենտալ շինությունները:
Դվինն ունեցել է զարգացած միջնադարյան քաղաքին բնորոշ հստակ քաղաքաշինական կառուցվածք։ Միջնաբերդը գտնվում է բլրի գագաթին, իսկ քաղաքային հատվածը՝ հարավ-արևմտյան հարթավայրում։ Միջնաբերդն ու ստորին քաղաքը միացվել են երկու կամուրջներով՝ հարավից և արևելքից։ Տարածքը շրջափակված է եղել հզոր պարիսպներով ու աշտարակներով։
Միջնաբերդի գագաթին պահպանվել են պալատական, պաշտամունքային և աշխարհիկ շինությունների մնացորդներ, որոնց թվում են IV դ. բազիլիկ եկեղեցին և Արշակունիների սյունազարդ գահասրահը՝ երկշարք սյուներով։ Նույն հատվածում գտնվում է նաև թրծված աղյուսով կառուցված բաղնիքը՝ իր կրակարանով և լոգասրահով։
Քաղաքի կենտրոնական մասում բացվել են Սբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցու, միանավ բազիլիկի և երկու կաթողիկոսական պալատների հիմքերը։
IV դ․ Սբ Գրիգոր եկեղեցին՝ կառուցված հեթանոսական տաճարի տեղում, սկզբում եղել է եռանավ բազիլիկ, իսկ VII դ. սկզբին վերածվել է գմբեթավոր կառույցի։ Եկեղեցին կործանվել է 893 թ. երկրաշարժից։
Միանավ բազիլիկը գտնվում է Կաթողիկե եկեղեցուց հյուսիս-արևելք, կառուցվել է VI դ. ՝ Ներսես Բագրևանդեցու օրոք, և ավերվել է 893 թ․ երկրաշարժից։
V դ․ վերջին կառուցված առաջին կաթողիկոսական պալատը վաղ միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության արժեքավոր օրինակ է։ Այն քառակուսի հատակագծով շենք է՝ կենտրոնական սյունազարդ դահլիճով ու նրան շրջապատող սենյակներով։ VI դ. կեսերին այն վերածվել է պարսից պաշտոնյայի նստավայրի, իսկ արևմտյան մասում կառուցվել է զրադաշտական մեհյան։ Պալատն ավերվել է 572 թ. հայերի ապստամբության ժամանակ։
Երկրորդ կաթողիկոսական պալատը կառուցվել է VII դ. ՝ Կաթողիկեի հյուսիսում։ Պահպանվել է քանդակազարդ խոյակներից մեկը։
Դվինի կարևոր աշխարհիկ կառույցներից է միջնաբերդից հարավ-արևելք բացված տուֆաշեն շուկան՝ երեք ներքին փողոցներով, վեց շարք խանութներով և իջևանատներով։ Այն նույնպես ավերվել է 893 թ. երկրաշարժից, վերակառուցվել X դ. և վերջնականապես ավերվել XIII դ.։
Քաղաքն իր երկար պատմության ընթացքում անցել է երեք գլխավոր կառուցապատման փուլերով՝ IV-VII, VIII-X և XI-XIII դդ․։ Մերձավոր Արևելքի կարևոր առևտրական կենտրոն լինելով՝ Դվինը հայտնի է եղել իր զարգացած արհեստագործությամբ ու գինեգործությամբ։ Գտնված նյութերը վկայում են խեցեգործության, ապակեգործության, դարբնության, արծաթագործության և գորգագործության բարձր զարգացման մասին։
1898-1899 թթ. Ն. Մառը ուսումնասիրել է քաղաքատեղին, 1907-1908թթ.` Խ. վարդապետ Դադյանը։
1936-1939 թթ. պեղումները գլխավորել է Ս. Տեր-Ավետիսյանը, 1946-1976 թթ.` Կ. Ղաֆադարյանը իսկ 1976 թ.` Ա. Քալանթարյանը:
2014 թ. պեղումներ են իրականացվել կենտրոնական թաղամասը միջնաբերդին կապող արևելյան մուտքի տարածքում: Պեղումների ընթացքում վերաբացվեցին հարավային և հյուսիսային պատերը:
2019 թ․ պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինտիտուտը (ղեկ.` հնագետ Հ. Պետրոսյան):
010 58 74 25
info@hushardzan.am
Արարատի մարզ, Հնաբերդ համայնքի, փ․ Գր. Լուսավորիչ, թիվ 35/1 տարածքում