ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի տարածքում գտվնող «Արփի» բնապատմական արգելոցը ստեղծվել է 1988 թ. նոյեմբերին` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ:
Արգելոցի տարածքը կազմում է մոտ 200 հեկտար։ Արգելոցի տարածքում է գտնվում միջնադարյան նշանավոր Նորավանք վանական համալիրը։ Արգելոցի 40 հեկտար տարած զբաղեցնում են «Արջերի», «Մոզրով», «Մագիլի» և «Արենի-1» կարստային քարանձավները: Կիրճի ընդհանուր ձգվածությունը հյուսիսից-հարավ կազմում է 8 կմ: Նորավանքի կիրճից է սկիզբ առնում Արփայի ձախ վտակը՝ Գնիշիկ գետը, որի ջրերից էլ կենդանություն են առնում արգելոցի հարուստ բուսական աշխարհը, որի շուրջ 200 տեսակներ էնդեմիկ են: Բազմազան է նաև արգելոցի կենդանական աշխարհը:
Նորավանքի հիմնական հուշարձանախումբը ներառում է Սբ Գրիգոր եկեղեցի-տապանատունը, նրան կից Սբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին, գավիթը, հնագույն Սբ Կարապետ եկեղեցին, ինչպես նաև Սբ Աստվածածին եկեղեցին։
Նորավանքը եղել է ճարտարապետության, քանդակագործության, վիմագրության, գրչության և մանրանկարչության խոշոր ու նշանավոր կենտրոն։ Այն XIII դ․ վերջից հանդիսացել է Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստը և Օրբելյան իշխանական տոհմի Տապանատունը։ Օրբելյան իշխանների, Սյունյաց մետրոպոլիտների և այլ ազնվականների առատ նվիրատվությունների շնորհիվ Նորավանքը բուռն ծաղկում ապրեց XIII դ. սկզբից մինչև XIV դ. կեսերը։ XV-XVI դդ․ Նորավանքը շարունակել է մնալ հոգևոր-մշակութային կենտրոն։ XVII դ․ կառուցվել է վանքի պարսիպը և բնակելի ու տնտեսական շինությունները։
Նորավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ են կատարվել 1988-1999 թթ.: 2010թ. վանական համալիրի տարածքում բացվել է Մոմիկ ճարտարապետի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:
Բնապատմական արգելոցի մյուս կարևոր հուշարձանը «Արենի 1» քարայրն է։ Այն բաղկացած է երեք սրահներից, որոնցից երկուսը` առաջինը և երկրորդը միմյանց հետ կապված են միջանցքներով: Առաջին դահլիճն ունի տարատեսակ անցուղիներ կամ խորշեր, որոնք գտնվում են սրահի տարբեր հատվածներում։ Դրանց հիմնական մուտքերն այսօր արգելափակված են նստվածքներով: Առկա են նաև առաջին սրահի մակարդակից դեպի ներքև և դեպի վերև բացվող խորշեր կամ այսպես կոչված «նկուղային» և «վերին» հարկեր:
Պեղումները ցույց են տալիս, որ քարայրն օգտագործվել է քարի դարից մինչև ուշ միջնադար։ Մինչ օրս պեղված հնագիտական շերտերի մեջ էնեոլիթյան մշակույթի եզրափակիչ փուլերին վերաբերող կարևոր տվյալներ ու նյութեր են ֆիքսվել: Մ․թ.ա. V հազարամյակի վերջին քառորդից մինչև IV հազարամյակի կեսերն ընկած ժամանակահատվածով թվագրվող այս շերտը ներկայացված են արտադրատնտեսական և ծիսական նշանակություն ունեցող կավաշեն կառուցվածքներով, հորերով։ Կավաշեն կառուցվածքների շարքում առանձնանում է քարայրի առաջին սրահի ներսում ֆիքսված` մ․թ.ա. IV հազարամյակի առաջին քառորդով թվագրվող գինու արտադրական համալիրը։ Այն ուղեկցվում է թաղման և ծիսական նշանակության յուօրինակ համալիրներով:
Քարայրի առանձնահատուկ միկրոկլիմայի շնորհիվ, օրգանական ծագում ունեցող նյութերը լավ են պահպանվել: Արդյունքում, հուշարձանից հայտնաբերված գործվածքների, կաշվե, փայտե, ոսկրե, մետաղե առարկաների, ինչպես նաև հնաբուսաբանական, հնակենդանաբանական և մարդաբանական մնացորդների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լիարժեք կերպով վերակազմել քարայրի հնագույն բնակիչների գյուղատնտեսական և արտադրական-կենցաղային և այլ բնույթի տնտեսական գործունեության, արհեսհների, արվեստտի, ինչպես նաև ծիսական պատկերացումների և աշխարհընկալման մանրամասները: Գտածոների շարքում եզակի է առաջին էնեոլիթյան հորիզոնից հայտնաբերված ամբողջական կաշվե կոշիկը, որը թվագրվում է մ․թ.ա. IV հազարամյակի կեսերով։
Քարանձավը օգտագործվել է նաև միջնադարում: Այստեղից հայտնաբերվել են IV-XIV դդ. գործվածքների մնացորդներ, տարազի հատվածներ, ձեռագրի պատառիկներ, սերմերի պահեստարան և այլն:
Բազմազան է «Արփի» բնապատմական արգելոցի կենդանական աշխարհը: Արգելոցի տարածքում հանդիպում են բեզոարյան այծ, գորշ արջ, աղվես, գայլ, գորշ նապաստակ, քարայծ, կզաքիս, եղնիկ և այլ կաթնասուններ: Սողուններից արգելոցի տարածքում հանդիպում են՝ հայկական իժ, գյուրզա, մողես և այլն տեսակներ: Արգելոցը համարվում է կարևորագույն թռչնաբանական տարածքներից մեկը Հայաստանում: Այստեղ նույնականացվել է ավելի քան 190 թռչնատեսակ, որոնց մեջ կան նաև «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող տեսակներ:
010 58 74 25
info@hushardzan.am
Վայոց ձորի մարզ