«ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում գտնվող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանն հիմնվել է ՀՍՍՀ Միմիստրների սովետի  1967 թ. որոշմամբ։

Թանգարանի շենքի կառուցումն իրականացվել է 1968-70 թթ․ ընթացքում, իսկ հավաքածուն ձևավորվել է 1965 թ. և մինչ օրս համալրվում արգելոցի տարածքում շարունակվող պեղումների շնորհիվ: Այսօր թանգարանում պահվում է ավելի քան 30000 թանգարանային առարկա:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ներառում է միջնաբերդը, քաղաքային թաղամասերը, երկնային լուսատուների դիտարկման համար առանձնացված ժայռափոր հարթակը և դամբարանադաշտը:

Դեռ 1930-ական թթ․ հնավայրում նախնական դիտարկումներ և թռուցիկ հետազոտություններ է կատարել հնագետ Ե․ Բայբուրթյանը։ Ավելի ուշ՝ 1959-1960 թթ․ այստեղ փոքր ծավալի պեղումներ է կատարել Լ․ Բարսեղյանը։ 1963 թ. Հայկական ՍՍՀ ԳԱ «Երկրի մասին գիտությունների» բաժանմունքի արշավախումբը ուսումնասիրություններ անցկացրեց հնավայրում: Երկրաբան Կորյուն Մկրտչյանի ուշադրությունը գրավեցին բլրի լանջերին պահպանված հին բրոնզի թափոնների մնացորդները: 1965-2006 թթ. հնագիտական արշավախումբը հնագետ Է. Խանզադյանի գլխավորությամբ և երկրաբան Կ. Մկրտչյանի մասնակցությամբ իրականացրեց Մեծամոր հնավայրի կանոնավոր պեղման և ուսումնասիրման աշխատանքները։ 2007-2012 թթ․ հնավայրում իրականացվել են արդեն պեղված կառույցների մաքրման և ամրակայման աշխատանքներ։

2013 թ․ Մեծամոր հնավայրը պեղվում է  հայ-լեհական համատեղ հնագիտական արշավախումբի կողմից (Ա․ Փիլիպոսյան, Ք․ Յակուբյակ)։

Մեծամորում Էնեոլիթյան վաղերկրագործական բնակատեղին գտնվել է բլրի արևելահայաց լանջերին։ Գտնվել են էնեոլիթյան պարբերաշրջանին բնորոշ տարբեր առարկաներ։

Վաղ բրոնզի դարաշրջանում Մեծամորում գոյություն է ունեցել կուր-արաքսյան բնակատեղի։ Պեղումներով բացվել են կլոր և ձվաձև հատակագծով քարաշար հիմքով և հում աղյուսից կառուցված վերնամասով կացարաններ։

Կուր-արաքսյան մշակույթի անկումից հետո Մեծամորի բնակատեղին որոշ ժամանակ ամայացել է։ Վերաբնակեցումը սկսվել է մ.թ.ա. XIX–XVIII դդ.։ Պեղումների արդյունքում ֆիքսվել են բնակատեղիի առաջին պաշտպանական պարիսպը։

Ուշ բրոնզի ժամանակաշրջանում Մեծամորը վերածվել է պարսպապատ քաղաքային տիպի բնակատեղիի՝ վարչական, ծիսական, տնտեսական և արհեստագործական թաղամասերով։ Հատկապես զարգացած է եղել մետաղագործությունը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հանքաքարի մշակման, պղնձի հալման և բրոնզի արտադրության կառույցներ։

Մեծամորի միջնաբերդը ձևավորվել է բլրի ամենաբարձր հատվածում և ժամանակի ընթացքում վերածվել է հզոր պաշտպանական կենտրոնի։ Միջնաբերդի առջև, հյուսիսային կողմում գտնվող բարձր հարթակը մեկնաբանվում է որպես աստղադիտարկման համար օգտագործված տարածք։

 Դամբարանդաշտը գտնվում է միջնաբերդից 0,5 կմ արևելք և հարավ-արևմուտք զբաղեցնելով շուրջ 50 հա տարածք։ Ամենավաղ թաղումները թվագրվում են միջին բրոնզի դարաշրջանով (‎մ.թ.ա. XIX/XVIII – XVI դդ․)‎։ Թաղման ծեսերը և գույքակազմը վկայում են հասարակության սոցիալական շերտավորման մասին։ Ուշբրոնզեդարյան ամենաարժեքավոր գտածոներից են արծաթե գոտուն ամրացված ոսկե վերադիրները առասպելական գիշատիչների տեսքով, բաբելոնյան միապետ Ուլամ-Բուրարիաշի ագաթե գորտ-կշռաքարը (մ.թ.ա. XVI դ.) և մեկ այլ բաբելոնյան միապետ Կուրիգալզուի սարդոնիքսե կնիքը՝ եգիպտական հիերոգլիֆներով, ինչպես նաև Թութմոս III-ի և Ռամզես II-ի կոյաբզեզ-կնիքները։ Մեծամորի դամբարանադաշտում պեղվել են 130-ից ավելի դամբարանային կառույցներ և թաղումներ։ Դամբարաններում հայտնաբերված հարյուրավոր բրոնզե, անագե և ոսկե առարկաները վկայում են, որ Հայկական լեռնաշխարհի վաղպետական կազմավորումներից մեկի կենտրոն Մեծամորը տեղակայված լինելով հնագույն առևտրական ուղիների խաչմերուկ կապող օղակ էր հանդիսանում Առաջավոր Ասիայի և Հյուսիսային Կովկասի միջև։

Մ.թ.ա. VIII դ. առաջին քառորդին Մեծամորը ընդգրկվեց Վանի թագավորության կազմում։ Արգիշթի I-ի օրոք քաղաքը նվաճվել է, ինչի մասին վկայում են ավերածությունների և հրդեհի շերտերը։ Մեծամորը վերածվել է Ուրարտուի հյուսիսային հատվածի կարևոր ռազմաքաղաքական և տնտեսական հենակետերից մեկի։

Մեծամորի հնավայրը թույլ է տալիս պատկերացում կազմել Հայկական լեռնաշխարհի մ․թ․ա․ V-I հազ․ բազմաշերտ բնակեցման, զարգացած տնտեսության, առևվտրական կապերի, տեղաբնիկների հոգևոր հավատալիքների և պատկերացումների մասին։

Կոնտակտային տվյալներ

010 58 74 25
info@hushardzan.am

Հասցե

Արմավիր մարզի, գ․ Տարոնիկ

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ