«ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ստեղծվել է Կառավարության 2003 թ․ որոշմամբ։

 «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ներառում է ամրոցը, Միհր աստծո տաճարը, պալատական և աշխարհիկ կառույցների մնացորդներ, արքունական բաղնիքը, վիշապ կոթողը, Սբ Սիոն եկեղեցին և այլ հուշարձաններ:

Գառնիի ամրոցը կառուցվել է եռանկյունաձև հրվանդանի վերնամասում, որի հարավային և արևելյան կողմերը բնականորեն պաշտպանված են բարձր ու ճեղքված ժայռերով։ Մնացած հատվածներում այն շրջապատված է  ուղղանկյունաձև աշտարակներով և ամուր պարսպապատերով, որոնք միասին ձևավորել են հզոր ամրաշինական համակարգ։  Պարսպի շարվածքում նկատվում են մի քանի շինարարական փուլեր, որոնք վկայում են տարբեր դարաշրջաններում իրականացված վերակառուցումների մասին։ Պարսպի հիմնական շինանյութը խոշոր չափերի, կանոնավոր մշակված կապտավուն բազալտն է, որի քարերը միացվել են երկաթե գամերով և կապարով։ Մուտքը գտնվում է հյուսիսային հատվածում: Ամրոցի առջև տարածված էր քաղաքատիպ բնակավայրը, որի վաղ շերտերը հետագայում ծածկվել են միջնադարյան կառուցապատմամբ։

Գառնիի ամրոցի պատմության ուսումնասիրման համար կարևոր նշանակություն ունի ունի 1945 թ. նկարիչ Մարտիրոս Սարյանի կողմից գյուղի գերեզմանոցում հայտնաբերած հունարեն արձանագրությունը, ըստ որի Տրդատ Մեծ արքան իր թագավորության 11-րդ տարում կառուցել է ինչպես տաճարը, այնպես էլ ամրոցը՝ նվիրված Հելիոսին։

Գառնու տաճարը հելլենիստական ճարտարապետությանը բնորոշ, սակայն հռոմեական ոճով կառուցված հուշարձան է։ Այն կանգնած է բարձր պատվանդանի վրա և ունի իննաստիճան քարե սանդուղք։  Սյունազարդ սրահն եզերված է քսանչորս սյուներով և ավարտվում է եռանկյուն ճակտոնով, որը զարդարված է բուսական և երկրաչափական քանդակներով: Կառույցը շարված է խոշոր կապտավուն բազալտե քարով՝ առանց շաղախի կիրառման։ Տաճարը կառուցվել է Տրդատ I օրոք՝ մ.թ. 77 թ.: Սրահում հավանաբար կանգնած է եղել Միհր-Միթրայի մարմարյա արձանը, ինչի մասին վկայում է վերջին տարիներին գտնված ցլի գլխի մարմարյա քանդակի բեկորը։

Տաճարը կանգուն է մնացել մինչև XVII դ. և կործանվել 1679 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով: 

XVIII-XX դդ․ ընթացքում մի շարք եվրոպացի և հայ գիտնականներ փորձել են վերականգնել տաճարի նախնական տեսքը։ Այն ամբողջությամբ վերականգնվել է 1968-1976 թթ․՝ ճարտարապետ Ալ․ Սահինյանի նախագծով։

VII դ․ առաջին կեսին տաճարի հարևանությամբ կառուցվել է կենտրոնագմբեթ, խաչաձև հիմքով Սբ Սիոն եկեղեցին՝ զվարթնոցատիպ հորինվածքով։ Եկեղեցին վկայում է քրիստոնեական շրջանի Գառնիի շարունակական նշանակության մասին։

Գառնիի արքունական բաղնիքը անտիկ Հայաստանի ամենաարժեքավոր աշխարհիկ կառույցներից է։ Այն կառուցված է հռոմեական բաղնիքաշինության ավանդույթներով և ունի հիպոկաուստ ջեռուցման համակարգ։ Բաղնիքը բաղկացած է իրար հաջորդող մի քանի սենյակներից՝ նախատեսված տաք, գոլ և սառը ջրի լոգանքների համար։

Նախասրահի հատակին պահպանվել է III դ․ վերջով թվագրվող բացառիկ խճանկար, որը հավաքված է տարբեր երանգների բնական քարերից և պատկերում է հունական առասպելաբանության կերպարներ և աստվածություններ։

Գառնի ամրոցի առաջին պեղումները իրականացրել է Ն․ Մառը 1909-1911 թթ.։ Հուշարձանի համակարգված պեղումները շարունակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1949 թ., ակադեմիկոս Բ․ Առաքելյանի ղեկավարությամբ։ Վաղբրոնզեդարյան բնակավայրի ուսումնասիրությունները 1949-1951 թթ. իրականացրել են հնագետներ Հ․ Մարտիրոսյանն ու Ս․ Սարդարյանը, իսկ հետագայում՝ Է․ Խանզադյանը։

Բացվել են վաղբրոնզեդարյան, միջին և ուշ բրոնզեդարյան, վաղերկաթեդարյան, ուրարտական, անտիկ և միջնադարյան շերտեր։ Հայտնաբերված բազմազան նյութերը՝ սև փայլեցված խեցեղեն, քարե կուռքեր, բրոնզե գործիքներ, կենդանական և բուսական մնացորդներ, վկայում են, որ բնակիչները զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ և զարգացած կենցաղային գործունեությամբ։

2011 թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացավ «Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ–Հունաստան) Մելինա Մերկուրի միջազգային մրցանակին: Արգելոց-թանգարանի տարածքում ամեն տարի տեղի են ունենում բազմամարդ մշակութային միջոցառումներ: Այն հանրապետության զբոսաշրջային ամենշատ այցելություն ունեցող հուշարձաններից է, ուր ամեն տարի այցելում է ավելի քան 350․000 զբոսաշրջիկներ:

Կոնտակտային տվյալներ

010 58 74 25
info@hushardzan.am

Հասցե

Կոտայքի մարզ, Գառնի համայնք, Գ. Մարզպետունու փողոց, հ․ 2

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ