«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից մոտ 3 կմ հյուսիս գտնվող «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է Կառավարության 2009 թ․ որոշմամբ։

Հնավայրի բաղկացած է բնակատեղիից, դամբարանադաշտից և ուղղահայաց դիրքով կանգնեցված հսկայական քարաբեկորներ՝ մեգալիթներից։

Զորաց քարերում և հարակից տարածքներում հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են մ.թ.ա. II–I հազարամյակների ընթացքում այստեղ ընթացած շարունակական բնակեցման և մշակութային զարգացման մասին։ Վանակատե նետասլաքները, բրոնզե նիզակները, դաշույնները, շքասեղները և զարդերը վերաբերում են միջին բրոնզի դարաշրջանին (մ.թ.ա. XXI–XVIII դդ.)։ Ուշ բրոնզից վաղ երկաթի անցման փուլին են պատկանում բրոնզե խողովակաձև զարդերն ու ականջօղերը, իսկ երկաթե զինատեսակները թվագրվում են մ.թ.ա. X–VIII դդ․։

1980-ական թթ․ պեղված դամբարանները ցույց են տալիս, որ հուշարձանի հարավային հատվածում ձևավորված է եղել բազմաժամանակյա դամբարանադաշտ։ Դամբարանների մի մասը ունի հյուսիս–հարավ կողմնորոշված քարարկղային դամբանախցեր՝ մ.թ.ա. X–VIII/VII դդ․ թվագրվող նյութերով։ Կմախքների վատ պահպանվածությունը և անկանոն դիրքը ենթադրել են տալիս վաղ երկաթի շրջանում կիրառված թաղման առանձնահատուկ ծեսեր։

2013–2018 թթ․ պեղումները հաստատեցին հուշարձանի հյուսիսային հատվածում բնակատեղիի առկայությունը։ Այն շրջապատված է կոպտաշար կիկլոպյան պարսպապատով, որը տեղ-տեղ հասնում է մինչև 2 մ բարձրության։ Բնակատեղիի տարածքում արձանագրվել են ուղղանկյունաձև շինությունների, տնտեսական հորերի, թաքստոցների և ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների մնացորդներ։ Վերգետնյա հնագիտական նյութերը վկայում են, որ տարածքը բազմիցս վերակառուցվել է միջին բրոնզից մինչև զարգացած միջնադար։

Դամբարանադաշտը գրեթե կից է բնակավայրին և զբաղեցնում է հուշարձանի հարավային հատվածը։ Դրանց զգալի մասը շրջափակված է կրոմլեխներով և ունեն խոշոր, գետնափոր, քարարկղային դամբանախցեր, որոնց մի մասի երկարությունը հասնում է 13–15 մ։

Զորաց քարերի ամենանշանավոր տարրերից է հուշարձանի արևելյան եզրով՝ հարավից հյուսիս ձգվող, ուղղահայաց դիրքով կանգնեցված անցքավոր քարաբեկորների շարքը։ Պեղումների ընթացքում պարզվել է, որ դրանց տակ առկա է մ.թ.ա. VII–VI դդ․ թվագրվող պատի շարվածք, ինչը հնարավորություն է տալիս դրանք կապել պաշտպանական կամ սահմանագծային նշանակություն ունեցող կառուցվածքների հետ։

Քարաբեկորների վերնամասերին բացված անցքերի նշանակության շուրջ գիտական դաշտում գոյություն ունեն տարբեր մոտեցումներ։ Ուսումնասիրողների մի խումբ առաջ է քաշում այն տեսակետը, որ անցքավոր քարերը կարող էին ծառայել որպես աստղագիտական դիտարկումների համար նախատեսված կառուցվածքներ՝ պայմանավորված դրանց տարածական դասավորությամբ և որոշ երկնային երևույթների հետ հնարավոր համընկնումներով։

Այլ հետազոտողների կարծիքով՝ անցքերն ունեցել են գործնական նշանակություն և կապված են եղել քարերի տեղափոխման, կանգնեցման և շինարարական գործընթացների հետ, ինչը բնորոշ է բրոնզեդարյան և վաղ երկաթեդարյան մեգալիթյան շինարարությանը։ Նմանատիպ անցքավոր քարաբեկորներ հայտնի են նաև տարածաշրջանի այլ հուշարձաններից։

Զորաց քարերի հնավայրը գիտական ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս XIX դ․ վերջին։ Առաջիններից մեկը տարածքով հետաքրքրվել է Արծվանիկի ուսումնական տեսուչ Ե. Մելիք-Շահնազարովը։ XX դ․ սկզբին հուշարձանն ուսումնասիրել է ազգագրագետ Ե. Լալայանը, 1920–30-ական թվականներին՝ Ստ. Լիսիցյանը։ Հետագա տասնամյակներում հնավայրում ուսումնասիրություններ են իրականացրել Մ. Հասրաթյանը, Ս. Եսայանը, Օ. Խնկիկյանը, Է. Պարսամյանը, Գ. Արեշյանը, Բ. Սադոյանը։

XX դ․ վերջից և XXI դ․ սկզբին Զորաց քարերի ուսումնասիրությունները շարունակվել են Պ. Հերունու, Հ. Մարտիրոսյանի, Վ. և Մ. Վահրադյանների, Ա. Հայրապետյանի և Հ․ Մալխասյանի կողմից։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2010-2018 և 2025 թթ․ հնագետ Ա․, Փիլիպոսյանի ղեկավարությամբ իրականացնում են հուշարձանի համակողմանի պեղման աշխատանքներ։

Կոնտակտային տվյալներ

010 58 74 25
info@hushardzan.am

Հասցե

Սյունիքի մարզ, Սիսիան համայնք

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ