ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանից 5 կմ հարավ-արևելք՝ Ձորագետ և Միսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանանման սարահարթի վրա գտնվող «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է Կառավարության՝ 16 սեպտեմբերի 2010 թվականի N 1426-Ն) որոշմամբ։
Այն ներառում է միջնաբերդ, պալատներ, մատուռ-դամբարան, երկու բաղնիք, երկու ջրավազան, գաղտնուղի և ձիթհաններ։
Լոռե բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը (989-1048թթ.) մոտավորապես՝ 1010–1020 թթ.: Այն արագ աճեց և քաղաքաշինական վերելք ապրեց XI դ․ 50-60-ական թթ․, երբ Կյուրիկե I այն դարձրեց Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը։
1105 թ. բերդին տիրել են սելջուկները։ 1118 թ. վրաց Դավիթ Շինարարի օրոք, այն միացվեց Վրաստանին և տրվեց Օրբելյան իշխանական տոհմին։ 1186 թ․ Լոռեի տեր դարձան Զաքարյանները, որոնք ամրացրեցին պարիսպները, կառուցեցին մի շարք եկեղեցական և քաղաքացիական շինություններ, կամուրջներ և այլ կառույցներ։ Բերդը մեծապես տուժեց 1236 թ. մոնղոլական Չաղաթա խանի զորքերի ասպատակություններից։
Լոռեն արվարձանների հետ կապող ճանապարհներն անցնում էին Ձորագետ և Միսխանա գետերի վրա կառուցված կամուրջներով, որոնցից Միսխանայի կամուրջը մինչև այսօր կանգուն է։ Քաղաքը կարևոր առևտրական հանգույց էր և կապվում էր Անիի, Դվինի և Տփղիսի հետ։ Խորը կիրճերը երեք կողմից դարձրել էին ամրոցը գրեթե անմատչելի, իսկ միակ դյուրամատույց ուղղությունը հյուսիս-արևմուտքն էր։ Այստեղ կառուցվել էր 214 մ երկարությամբ և մինչև 20 մ հաստության հասնող պարիսպ։ Վերջինիս երկայնքով փորված էր խանդակ, որը ծառայում էր ինչպես քաղաքի պաշտպանության, այնպես էլ ջրամատակարարման համար։ Ջուրը դեպի ամրոց բերվում էր բաց ջրանցքով՝ մոտ 5-6 կմ հեռավորությունից հոսող հորդառատ աղբյուրներից, իսկ խմելու ջուրը բերվում էր փակ խողովակաշարով։
Միջնաբերդի երկարությունը հյուսիսից հարավ ամենալայն հատվածում հասնում է 400 մ, լայնությունը՝ արևելքից արևմուտք 280 մ։ Հյուսիս-արևմտյան կողմում է գտնվում միջնաբերդի միակ մուտքը՝ կամարաձև շարվածքով։ Մուտքից ձախ հաջորդում են քառանկյուն և լավ պահպանված կիսաբոլոր չորս աշտարակներ։ Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվում էր քաղաքի շահաստանի պարիսպը, որն այսօր գրեթե չի պահպանվել։ Բացի բնական արգելքներից, կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ։
Լոռե բերդի գաղտնուղին բարձրանում է դեպի ամրոց ոլորապտույտ ճանապարհով։ Վերջինիս զգալի մասն այժմ ավերված է։ Գաղտնուղին նախատեսված էր պաշարման ժամանակ ամրոցը ջրով ապահովելու և արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու համար։ Այն ավարտվում էր ամրոցի ներսում՝ արհեստական դարավանդի տակ։
Պեղումների արդյունքում քաղաքի տարածքից հայտնաբերվել է երկու բաղնիք, որոնց ջրամատակարարումն իրականացվում էր կավե փողրակներով։ Առաջին բաղնիքը գտնվում է ամրոցի կենտրոնում և բաղկացած էր երեք մասից՝ ջեռուցարան, լողասրահ և հանդերձարան։ Լողասրահի լուսավորությունն ու օդափոխությունը կատարվում էին գմբեթների երդիկներով։ Կառույցի թաղերն ու գմբեթները շարված են բազալտի կոպտատաշ քարերով՝ կրաշաղախով։ Երկրորդ բաղնիքը կառուցված է Ձորագետի կիրճի եզրին։ Այն ուներ հանդերձարան, երեք լողարան, հնոց-ջեռուցարան և երկբաժանմունք ջրամբար։ Ջրամբարի ավելորդ ջուրն արտահոսում է կիրճ՝ կավե խողովակներով։ Բաղնիքներից հարավ գտնվում են երկու բացօթյա լողավազաններ։
Միջնաբերդի միակ կանգուն կառույցը «Քաղաքացիական շենքն» է։ Ի սկզբանե այն եղել է հասարակական շենք, ապա XIV–XV դդ. մահմեդական իշխանավորները այն վերածել են մզկիթի։
Լոռե ամրոցը XVI–XVII դդ․ թուրք-պարսկական պատերազմների հետևանքով լքվել է։ XVIII դ․ երկրորդ կեսին այն կրկին ենթարկվել է ավերածությունների՝ Ավարիայի Ումմա խանի զորքերի արշավանքների ընթացքում։ XVIII դ․ վերջին տասնամյակներին ամրոցում վերաբնակվել են հայկական ընտանիքներ։ Պահպանվել է 1783 թ. հայ գաղթականների նամակը՝ ուղղված Ղուկաս կաթողիկոսին, որով խնդրվում է թույլտվություն Լոռե բերդի ներսում եկեղեցի կառուցելու համար, ինչպես նաև դրա վերաբերյալ ստացված դրական պատասխան գրությունը։ XVIII դ․ վերաբնակները շինությունը վերափոխել են եկեղեցու՝ ավելացնելով խորանը, բացելով լուսամուտ, հյուսիս-արևելյան դռան մեջ տեղադրելով մկրտության ավազան և արտաքին կողմից կառուցելով թաղածածկ, երեք բաժանմունքից բաղկացած սրահ։
1966 թ. ԵՊՀ հնագիտական արշավախումբը Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ միջնաբերդի տարածքում նախ իրականացրել է հետազոտական, ապա՝ կանոնավոր պեղումներ, որոնք որոշ ընդհատումներով շարունակվել են մինչև 1974 թ.։
2009-2015 թթ․, 2022 թ․ և 2024-2025 թթ․ հնագիտական ուսումնասիրություններն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահտազոտական կենտրոնը։
Լոռե բերդի խաչքարերից մեկը՝ 182 սմ բարձրությամբ, առանձնանում է հյուսածո զարդանախշով ձևավորված հիմնախաչով և եզրագոտով, քառաթև խորանով, ինչպես նաև ստորին խաչաթևից ներքև պատկերված չորս ավետարանիչների բնորոշ պատկերաքանդակներով։ Խաչքարը թվագրվում է XII–XIII դդ․։ Այն 2007 թ. ցուցադրվել է Լուվրի թանգարանում, իսկ 2008 թ. տեղափոխվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան, որտեղ ներկայացվել է X–XIII դդ․ համաքրիստոնեական մշակույթին նվիրված սրահում։
010 58 74 25
info@hushardzan.am
Լոռու մարզ, գ․ Լոռի բերդ