«Ամբերդ» պատմամշակութային արգելոց

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին  է գտնվում «Ամբերդ» պատմամշակութային արգելոց, որը ստեղծվել է   ՀՀ կառավարության 2017 թ. որոշմամբ։

Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:

Ըստ պատմական աղբյուրների, Ամբերդի շինարարությունը սկսվել է VII դ. Կամսարական իշխանների կողմից:  X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, որն իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը:

Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետև՝ Վաչուտյաններին, որոնց օրոք այն դարձել է  իշխանական տան վարչական կենտրոնը:

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է հետևյալ ճարտարապետական կառույցները. միջնաբերդը կամ իշխանական դղյակը և դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (X-XI դդ.), գաղտնուղիները և այլ շինություններ ամրոցի ներսում:

Բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված դղյակի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով: Առաջին հարկը հատկացված է եղել տնտեսական նպատակների համար, իսկ երկրորդ և երրորդ հարկերը ծառայել են որպես բնակելի հարկաբաժիններ: Այն իշխող դիրք ունի ողջ ամրոցի և շրջապատի նկատմամբ, դրանով իսկ ապահովելով իր պաշտպանությունը և ընդգծելով  իր կարևորությունն ամրոցի համալիրում:

XI դ․ Պահլավունիների կողմից կառուցված բաղնիքը գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ` երկայնական առանցքի նկատմամբ հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր: Լոգարանն ու հանդերձարանը ծածկված են տրոմպային անցմամբ գմբեթարդներով:  1936 թ. ակադեմիկոս Հ. Օրբելու ղեկավարությամբ պեղվեցին բաղնիքն ու շրջապատը, իսկ 1972 թ. Յու. Թամանյանի նախագծմամբ սկսվեցին բաղնիքի մաքրման ու վերականգնման աշխատանքները:  2005 թ. գրեթե ամբողջությամբ վերականգնվեց բաղնիքը:

Ամբերդ ամրոցի տարածքում կա ևս մեկ XII-XIII դդ. պաշտամունքային շինություն` մատուռը, որը գտնվում է ջրամբարի և բաղնիքի միջանկյալ գոտում։ Հայտնաբերվել է 1936 թ. պեղումների ընթացքում, երբ այստեղ ի հայտ են եկել նաև մարդկային կմախքի մնացորդներ, ինչը հիմք է ծառայում ենթադրել մատուռի` որպես դամբարան ծառայելու մասին։

1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ կառուցված Վահրամաշեն Կաթողիկե եկեղեցին գտնվում է Արքաշենի պարսպի մոտ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: Ուղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան  կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը:

1970-1975 թթ. ընթացքում եկեղեցին վերանորոգվել է, ամրացվել են ծածկի և քիվի թափված քարերը, թմբուկի կիսասյուները և հարավային քայքայված ճակատը:

Անցած տասնամյակներում Ամբերդում կատարվել են մի շարք հնագիտական պեղումներ, հուշարձանների ամրակայման և վերանորոգման աշխատանքներ: Այստեղ  պեղումներ են  կատարել  ճարտարապետ Թ․ Թորամանյանը,  ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936-40 թթ.: Այնուհետև պեղումները շարունակել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` 1963-72 թթ., Ն. Տոկարսկու, Ս. Հարությունյանի ղեկավարությամբ: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր:

1949-72 թթ. ճարտարապետներ Կ. Ղաֆադարյանի, Ա. Ժամհարյանի, Վ. Հարությունյանի, Ս. Քյուրքչյանի և Ա. Միրիջանյանի կատարած չափագրությունների հիման վրա ճարտարապետ Յու. Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով կատարվել է Վահրամաշեն եկեղեցու, բաղնիքի վերանորոգման և ամրակայման աշխատանքներ:

Ամբերդի համալիրում հուշարձանների վերականգնման, բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև 2005-2007 թթ.: 2024 թ․ առ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով շարունակվել են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգման աշխատանքները:

2024 թ. «Ամբերդ» պատմամշակութային արգելոցը ներառվել է «Եվրոպա Նոստրայի» կողմից կազմվող Եվրոպայի «7 ամենավտանգված» հուշարձանների ու ժառանգության վայրերի ցանկում։ 




















«

Կոնտակտային տվյալներ

010 58 74 25
info@hushardzan.am

Հասցե

Արագածոտնի մարզ, Անտառուտ և Օրգով համայնքների վարչական տարածք

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ