«Բջնի Ամրոց» պատմամշակութային արգելոց

ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2018 թ. հունիսի 8-ի № 642-Ն որոշմամբ։

Բջնիի մասին առաջին հիշատակել է V դարի պատմիչ Ղազար Փարպեցին: X դարից նրա պատմությունը կապված է Պահլավունիների նախարարական տան հետ, որոնք վերակառուցել են ամրոցը և դարձրել իրենց իշխանանիստ բերդաքաղաքը: XІ դարում Բջնին եղել է հայ նշանավոր գիտնական և քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոսի տիրույթը:

Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) հետո Գրիգոր Մագիստրոսը Բջնին և մյուս տիրույթները հարկադրաբար զիջել է Բյուզանդիային` Միջագետքում ստացած կալվածքների դիմաց: 1072 թ. Բջնին գրավել են սելջուկ-թուրքերը և հանձնել Շադդադյաններին՝ միջնադարյան Հայաստանում քրդական ծագում ունեցող ամիրայական տոհմին: XIII դ. սկզբին Իվանե և Զաքարե Զաքարյաններն ազատագրել են Բջնին և այն դարձրել Իվանե Զաքարյանի իշխանանիստը: 1387-1388 թթ. գյուղը կրել է Լենկթեմուրի  ավերիչ արշավանքների հետևանքները։ Ամրոցը վերջնականապես ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.:

Ժայռերի անառիկության շնորհիվ ամրոցի միայն հյուսիսային կողմն է պաշտպանված հզոր և բրգավոր շուրջ 120 մ երկարությամբ պարիսպներով, որում և գտնվում էր գլխավոր դարպասը: Մոտ 115 մ երկությամբ ձգված են նաև ստորին ամրոցի հարավային կողմի պարիսպները։

Բերդը բաժանված է մեծ և փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Տարածքը խիտ կառուցապատված է, նշմարվում են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր: Վերին բերդահատվածում գտնվում են Սբ Խաչ եկեղեցին (ІX-X դդ.),  իշխանական պալատը (X դ.) և թաղածածկ ջրամբարը (X դ.), որը հետագայում, ենթադրաբար, ծառայել է որպես հացահատիկի ամբար: Ստորին բերդում պահպանվել են դեպի Հրազդան գետ տանող թաղածածկ, կամարակապ մուտքով գաղտնուղին (X դ.), ինչպես նաև X-XV դդ. արտադրական և բնակելի կառույցների հողածածկ ավերակներ։

Բջնիում հնագիտական առաջին պեղումները կատարվել են 1928 թ.` հնությունների պահպանության կոմիտեի արշավախմբի կողմից: 1977-1988 թթ. Երևանի պետական համալսարանի արշավախումբն իրականացրել է հնավայրի հետախուզման և պեղման աշխատանքներ, որոնք շարունակվեն են նաև 2003-2004 թթ.։

2007-2008 թթ. կատարվել են ամրոցի վերականգնման աշխատանքներ՝ ամրացվել են պարիսպները, աշխարհիկ շինության և կից կառույցի, ինչպես նաև եկեղեցիների հիմքերը,  ամրակայվել են ջրամբարն ու գետնուղու սկիզբը:















Կոնտակտային տվյալներ

010 58 74 25
info@hushardzan.am

Հասցե

Կոտայքի մարզ, գ․ Բջն,ի 4-րդ փողոց, 1-ին փակուղի, հ․ 7

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ