ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում գտնվող «Բերդ» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է Կառավարության 2017 թ. որոշմամբ։
Արգելոցի տարածքում են գտնվում Տավուշ և Բերդ ամրոցները, մատուռներ, եկեղեցիներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, սրբատեղիներ և թանգարան:
Տավուշ ամրոցը բաղկացած է միջնաբերդից և ստորին բերդից։
Միջնաբերդը գտնվում է բարձրաբերձ, զառիթափ լանջերով եզերված բլրի գագաթին՝ մոտ 500 մ² մակերեսով։ Պահպանված են կիսաբոլոր աշտարակներով ամրացված հզոր պարիսպները՝ արևելյան և հյուսիս-արևմտյան հատվածներում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Ստորին բերդը տեղակայված է միջնաբերդի արևելյան ստորոտում, որտեղ պահպանվել են խոշոր, ճեղքված քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի աղբյուրներից՝ կավե փողրակներով։ Տավուշ ամրոցը կարևոր դեր է խաղացել Հայաստանի X–XIII դդ. ռազմաքաղաքական կյանքում՝ ապահովելով երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան մատույցների պաշտպանությունն։
Գրավոր աղբյուրներում այն առաջին անգամ հիշատակվում է X դ. սկզբին՝ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու մոտ, որպես Աշոտ Բ Երկաթ թագավորի կուսակալների նստավայր։ X–XI դդ. ամրոցը պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, իսկ XII–XIII դդ.՝ Զաքարյաններին։ Ամրոցը մեծապես տուժել և ավերվել է մոնղոլական արշավանքների հետևանքով և XIV դարի վերջից այն աստիճանաբար քայքայվել։
Սբ Աստվածածին եկեղեցին գտնվում է բլրալանջին։ Ըստ շինարարական արձանագրության՝ այն կառուցվել է 1019 թ., 1139 թ. կործանվել է Գանձակի երկրաշարժից, այնուհետև վերականգնվել Աբաս Կյուրիկյանի կողմից։ Եկեղեցին միանավ է, փոքր չափերով, հարավ-արևելյան մասում կից ավանդատնով։ Մուտքը եղել է հյուսիս-արևմտյան կողմից։
1966–1968 թթ. Բերդ ամրոցի դամբարանադաշտում պեղումներ է իրականացրել Ս․ Եսայանը։ Տավուշ ամրոցի առաջին հնագիտական հետազոտությունները կատարվել են 1986–1988 թթ.՝ ԵՊՀ Տավուշի արշավախմբի կողմից։ Հետագայում՝ 2014 թ. Տավուշ ամրոցի ստորոտում գտնվող քարայրներում ուսումնասիրություններ է սկսել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, իսկ 2020–2022 թթ. ամրոցում իրականացվել են պեղման աշխատանքներ։
Պատմամշակութային հուշարձաններից զատ Բերդ արգելոցի մեջ ընդգրկվել է նաև նախկին «Տավուշի պատմության և կենցաղի թանգարանը», որը հիմնադրվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թ. հուլիսի 15-ի որոշման համաձայն՝ որպես Հայաստանի ազգագրության պետական թանգարանի (ՀԱՊԹ) Տավուշի մասնաճյուղ: 1995թ. մայիսի 1-ից մասնաճյուղը դարձել է ինքնուրույն՝ «Տավուշի պատմության և կենցաղի թանգարան» անվամբ Բերդի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարան: 2012 թ.-ին Բերդի համայնքապետարանն առաջարկեց այն հանձնել ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ - ին:
«Տավուշի պատմության և կենցաղի թանգարան»-ի հավաքածուն իր մեջ ամփոփում է Տավուշի բնակչության հնագույն, նոր և նորագույն պատմությանը, կենցաղին և մշակույթին վերաբերող նյութեր: Թանգարանում հաշվառված է և պահպանվում է 1825 միավոր թանգարանային առարկա, որոնց մեծ մասը ցուցադրված են:
010- 58-74-25
info@hushardzan.am
Տավուշի մարզ, Բերդ համայնք, փ․ Սարալանջ, հ․ 15