Ս. Հռիփսիմեն Խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում՝ վախենալով, որ այն կընկնի հեթանոսների ձեռքը:

653 թ. Վարագա լեռն իրենց ճգնության վայր են ընտրում Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը: Սուրբ Նշանը գտնելու փափագով նրանք խիստ ճգնությամբ, տասներկու օր ծոմ պահելով, արտասվելով և ջերմեռանդ աղոթքներով, Տիրոջից խնդրում են, որ իրենց արժանացնի տեսնելու և համբուրելու փափագելի Նշանը:

Լուսեղեն սյուները տասներկու օր երևում են Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթին այնպես, որ հեռավոր վայրերից ևս տեսանելի էին:

Ներսես Գ Տայեցի (Շինող) հայրապետը կարգ է սահմանում՝ ամեն տարի այդ օրը տոնել «Վարագա սուրբ խաչի տոնը»՝ Քրիստոսի և Նրա սուրբ Խաչի փառքի համար: Ապա տասներկու եկեղեցիներ են կառուցում՝ տասներկու լուսեղեն սյուների երևման տեղում, իսկ այն եկեղեցին, ուր եկավ և հանգեց սուրբ Նշանը, ընդարձակելով նորոգում են և տեղում վանք հիմնում: