38
17 Նոյեմբեր 2023
«Աղջկա բերդ» ամրոցը կառուցվել է հավանաբար XIII դ.: Ամրոցում պահպանվել են բնակելի և տնտեսական նշանակության շինությունների, խաչաձև հատակագծով եկեղեցու և ջրամբարի ավերակները: Ամրոցի ջրամատակարարումն իրականացվել է կավե խողովակներով՝ նախապես լցվելով փոքրիկ ավազանի մեջ, ապա մեծ ջրամբարը: Պարիսպները և շինությունները կառուցված են կապտավուն բազալտով, իրար միացված կրաշաղախով:
Պահպանվել է մի ավանդազրույց ամրոցի և Աղստևի կիրճում գտնվող ավերակ բաղնիքի մասին: Ըստ ավանդության՝ «Աղջկա բերդ»-ի տիրուհին մի գեղեցիկ օրիորդ էր, ով մերժում էր ամուսնության բոլոր առաջարները: Մանթաշ անունով մի իշխան՝ գրավելու համար «Աղջկա բերդ»-ը և ուժով հարկադրելու իշխանուհուն ամուսնության, մոտակա բարձունքին, ամրոց է կառուցում: Մանթաշի բոլոր փորձերը՝ գրավելու «Աղջկա բերդ»-ը, ի վերջո, ավարտվում են պարտությամբ: Իշխանուհին մեծահոգի է գտնվում իշխանի նկատմամբ, և նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են բաղնիք, որպես իրենց ժամադրության վայրը։
Գրականություն