Մայրավանք վանական համալիրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղից 3 կմ հյուսիս, Ծաղկունյաց լեռների բարձրավանդակում։ Այն միջնադարյան հայկական ճարտարապետության գեղեցիկ նմուշներից է: Հուշարձանը 7-րդ դարում հիմնադրել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի):
Համալիրը ներառում է գմբեթավոր դահլիճ հորինվածքով Ս․ Աստվածածին եկեղեցին (1224 թ․), դեպի հյուսիս և արևելք գտնվող կիսագետնափոր բնակելի և տնտեսական նշանակության կառույցները։Հայ միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրներում Մայրավանքը հիշատակվում է սկսած VII դ․։ Այստեղ գործունեություն է ծավալել նշանավոր ճառագիր, իմաստասեր և եկեղեցական գործիչ Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի)։Մայրավանքում վաղ միջնադարին վերաբերող կառույցներ չեն պահպանվել, սակայն պեղումներով Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի դիմաց հայտնաբերվել է V-VII դդ․ թվագրվող սյան խոյակ։ Վանական համալիրում պեղումներ են կատարվել 2021 թ․, որից հետո մեկնարկած վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2023 թ․ (վերականգնող ճարտարապետ՝ Արտակ Ղուլյան, հնագետ՝ Ավետիս Գրիգորյան)։