Հառիճավանքը
Հրաշք Հառիճավանքն է: Գտնվում է Շիրակի մարզում։
Վանքն իրենից ներկայացնում է բարդ ճարտարապետական համալիր։ Ամենահին կառույցը Ս. Գրիգոր եկեղեցին է /VI-VII դդ./ խաչաձև հատակագծով, որը հարավարևելյան կողմից ունի ուղղանկյուն ավանդատուն: Եկեղեցին բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որի ընթացքում գմբեթը կորցրել է իր նախնական ձևը:

Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է XII դ. Վերջին։ Զաքարե ամիրսպասալարը գնելով Հառիճն ու շրջակա հողերը սկսել է եկեղեցու շինարարությունը: Ըստ շինարարական արձանագրության եկեղեցու կառուցումը ավարտվել է 1201-ին։

Ս.Գրիգոր եկեղեցու հարավարևելյան կողմում պահպանվել է վանքի դպրատան քառասյուն գավիթների տիպի կառույցի փոքր հատվածը: Եղել է գրչության ու մանրանկարչության կենտրոն: Այստեղ գրվել և ծաղկվել են մի շարք ձեռագրեր։

«Ճգնավորի մատուռ» – գտնվում է համալիրի հարավարևմտյան մասում, ժայռաբեկորի վրա: Ժամանակի ընթացքում ժայռաբեկորի հետ միասին անջատվել է տարածքից և թեքվել դեպի ձորը: